Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԾԵՍԵՐ, ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ > Աղաբլիթ

Աղաբլիթ

Հայ առաքելական եկեղեցու` ժողովրդականություն վայելող տոներից է Սուրբ Սարգսի տոնը:

Երիտասարդներն շտապում են այս տոնին ընդառաջ՝ աղաբլիթ ուտելու, երազում տեսնելու իրենց ապագա կողակցին:

Թե երբվանից է ծնունդ առել այս սովորույթը, ստույգ հայտնի չէ: Հնարավոր է, որ այն հեթանոսական ծագում է ունեցել, իսկ հետո մուտք է գործել քրիստոնեություն:

Ուրբաթ իրիկունը տնեցիք փոխինձով թաթախվեցին: Սոսի համար էլ մի աղաբլիթ թխեցին, նա էլ էն կերավ, ծարավ մնաց, որ տեսնի՝ գիշերն ո՞վ ա ջուր տալիս: (ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ «ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ»)

Ըստ ավանդույթի՝ տոնի նախորդ՝ ուրբաթ երեկոյան աղաբլիթ կերած երիտասարդները պետք է առանց ջուր խմելու կամ այլ ուտելիք ուտելու քնեին՝ հուսալով, որ իրենց ապագա կողակիցն իրենց ջուր կտա: Ըստ երազի կարելի էր գուշակել նաև զույգի ապագան: Հավատում էին, որ եթե մատուցվող ջրի բաժակը ոսկուց է, կյանքի ապագա ընկերը հարուստ է լինելու, արծաթից՝ միջակ կարողությըան տեր, իսկ եթե պղնձից կամ կավից՝ աղքատ:

Ջրի քանակությամբ ևս գուշակություն էին անում՝ որոշելով զույգի համատեղ ապրելու տարիների քանակը: Օրինակ, եթե բաժակը լիքն էր, նրանք միասին շատ երկար պիտի ապրեին, եթե կիսատ՝ կյանքի կեսը, իսկ եթե շատ քիչ էր, ապա մի քանի տարի:

Ազգագրագետների հավաստիացմամբ աղաբլիթը պետք է պատրաստի ամուսնական երջանիկ կյանք ունեցող կինը, ով մեծ սեր է ապրել և շատ երեխաներ ունեցել, քանզի աղաբլիթ պատրաստելու և երիտասարդներին այն բաժանելու միջոցով կինը փոխանցում է իր սիրուց ու երջանկությունից մի մասնիկ:

Ավանդական բաղադրատոմսով մեկ աղաբլիթի բաղադրիչներն են՝

աղ – 1 մատնոց

ջուր — 1 մատնոց

ալյուր — 1 մատնոց:

Աղաբլիթի պատրաստման եղանակն է.

աղն ու ալյուրը խառնել, ապա ավելացնել ջուրն ու խմոր հունցել:

Ստացված խմորից գնդիկ պատրաստել, ապա ձեռքով տափակեցնելով՝ դարձնել բլիթ:

Նախկինում թխել են վառարանի վրա կամ թավայի մեջ՝ կարմրացնելով մի, ապա՝ մյուս կողմից: Ողջ գործընթացն ուղեկցվել է բարեմաղթանքներով:

Աղաբլիթի արդի բաղադրատոմսի բաղադրիչները նույնն են, սակայն ուրիշ չափաքանակներով՝

աղ – 1 ճաշի գդալ

ալյուր — 1 բաժակ

 ջուր:

Պատրաստման եղանակն է.

աղն ու ալյուրը խառնել և ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Ստացված խմորը գրտնակել, կտրտել և թխել ջեռոցում՝ մինչև թեթևակի վարդագունելը:

Հարկ է նշել, որ, ըստ եկեղեցականների, Սուրբ Սարգսի տոնին աղաբլիթ ուտելը պարտադիր չէ: Դա որևէ կապ չունի եկեղեցական տոնի հետ ու եկեղեցին այն չի ընդունում, քանի որ այն իր մեջ գուշակություն է պարունակում: Աղաբլիթը ժողովրդական մշակույթի մի մասն է պարզապես: Եկեղեցական տոնի խորհուրդը պատարագի մեջ է և պետք է պարզապես գիտակցաբար ու հավատով Սրբից մաքուր սեր խնդրել:

Метки: ,


Оставить отзыв