Ավոկադոյով ու սեխով աղցան
Հասած, անուշաբուր սեխի ու ավոկադոյի առկայության դեպքում կարելի է պատրաստել ինքնատիպ ու համեղ աղցան, որի օգտակարությունն, անկասկած, կգնահատեն առողջ սննդակարգի հետևորդները, իսկ աննկարագրելի համը՝ համադամասերները (գուրմանները)։ Այն կարող է դառնալ դյուրամարս ու համեղ ընթրիք։

Ավոկադոյով ու սեխով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝
սեխ – 300 – 500 գ
ավոկադո – 1 հատ
նարինջ – 0,5 հատ
ձիթայուղ – 1 ճ․ գ․
նուշ կամ այլ ընդեղեն՝ ըստ ճաշակի – 30 գ
անանուխ – մի քանի տերև
աղացած սև պղպեղ
աղ։
Ավոկադոյով ու սեխով աղցանի պատրաստման եղանակն է․
կեղևից և սերմերից մաքրած սեխն ու ավոկադոն կտրտել համաչափ տաշեղներով, լցնել թասի մեջ, վրան ավելացնել նախընտրելի ընդեղենի՝ շերտատած ու բոված կտորները։
Նարնջի քերած ցիտրուսակեղևի վրա ավելացնել քամած հյութը (ցիտրուսակեղևը կարելի է փոխարինել նարնջահամ շաքարավազով՝ մոտ 1 – 1,5 ճ․ գ․, իսկ թարմ հյութի բացակայության դեպքում այն կարելի է փոխարինել պահածոյացված տարբերակով՝ մոտավորապես 2 – 3 ճ․ գ․), ձիթայուղը, անանուխի՝ մանր կտրտած տերևները, համեմել աղով ու պղպեղով և լավ խառնել։
Ստացված խառնուրդով համեմել աղցանը, խնամքով խառնել։
Մատուցելիս աղցանը ձևավորել անանուխի տերևներով։
