Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ԿՈՐԵԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ > Բազուկով աղցան՝ կորեական ձևով

Բազուկով աղցան՝ կորեական ձևով

Կորեական ձևով պատրաստված բանջարեղենային աղցանները մեծ ժողովրդականություն են վայելում։ Այս տարբերակով պատրաստված բազուկով աղցանն իսկական վիտամինային գանձարան է․ շատ համեղ է և օգտակար։

Տարբերակ 1

Կորեական ձևով բազուկով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

բազուկ – 600 գ

սխտոր – 4 պճեղ

բուսայուղ – 80 մլ

քացախ՝ 9 % — անոց – 3 ճ․ գ

շաքարավազ – 1 թ․ գ

համեմի աղացած սերմ – 1 թ․ գ

աղ – 0,5 թ․ գ

կարմիր աղացած պղպեղ – 0,5 թ․ գ

սև աղացած պղպեղ – 0,5 թ․ գ ։

Կորեական ձևով բազուկով աղցանի պատրաստման եղանակն է․

քերիչով քերած բազուկի ու ճզմած սխտորի վրա ավելացնել քացախի, աղի, շաքարավազի, համեմի աղացած սերմի, սև ու կարմիր աղացած պղպեղների խառնուրդը և լավ խառնել։

Բուսայուղը լավ տաքացնել  ու տաք վիճակում լցնել զանգվածի վրա։ Խառնել ու թողնել 3 ժամ՝ մարինացվելու համար։

Պատրաստի աղցանը մատուցման ափսեյի մեջ լցնելուց առաջ հյութաքանել։

Տարբերակ 2

Կորեական ձևով բազուկով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

բազուկ՝ միջին մեծության – 3 հատ

գլուխ սոխ – 1 հատ

սխտոր – 3 պճեղ

համեմի սերմ – 1 թ․ գ

համեմ – մի փոքր փունջ

աղացած կարմիր պղպեղ – 0,5 թ․ գ

քացախ – 0,5-1 թ․ գ

բուսայուղ

աղ։

Կորեական ձևով բազուկով աղցանի պատրաստման եղանակն է․

լվացած ու կեղևազրկած բազուկը քերել քերիչով, համեմել աղով, ավելացնել քացախը, խառնել և թողնել 2-3 ժամ՝ մարինացվելու համար, որից հետո արտազատված հյութը քամել։

Սոխով ու բուսայուղով սոխառած պատրաստել և սոխի կտորներն ամբողջությամբ հանել բուսայուղի մեջից։

Բուսայուղը տաք վիճակում ավելացնել բազուկի վրա և անմիջապես ավելացնել ճզմած սխտորը, խառնել, ապա համեմել համեմի՝ թեթևակի բոված սերմերով ու կարմիր աղացած պղպեղով, վերջում ավելացնել կտրտած համեմը։

Ըստ ճաշակի կարելի է ավելացնել շատ քիչ շաքարավազ՝ ավելի նուրբ ու արտահայտիչ համային երանգ հաղորդելու նպատակով։

Метки: , , ,


Оставить отзыв