Բիսկվիթային թխվածքաբլիթ «Տոնածառ»

Ամանորի գլխավոր զարդարանքի՝ տոնածառի գեղեցկությամբ ոչ միայն կարելի է հիանալ, այլ նաև համտեսել ու վայելել աննկարագրելի համը։

«Տոնածառ» բիսկվիթային թխվածքաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 3 հատ

շաքարավազ – 75 գ

աղ – 1 պտղունց

նշի ալյուր – 100 գ

ալյուր – 25 գ

օսլա – 25 գ

սպիտակ շոկոլադ – 100 գ

կանաչ պիստակ – 100 գ

շաքարի փոշի – 5 — 6 ճ․ գ

կիտրոնի հյութ – 1 թ, գ

կանաչ գունանյութ։

«Տոնածառ» բիսկվիթային թխվածքաբլիթի պատրաստման եղանակ է․

Յուղաթղթից 20 սմ տրամագծով 6 շրջան կտրել ու յուրաքանչյուրի վրա մինչև կենտրոն՝ շառավղով, կտրվածք անել ու գլանաձև փաթաթել այնպես, որ ստացվի ամուր ու սրածայր կոն։ Գրասենյակային ամրակներով ամրացնել եզրերն ու սուր ծայրով դեպի ներքև դնել ջերմակայուն նեղ ու խորը բաժակների մեջ, որոնց շրջագիծը փոքր է թղթե կոների շրջագծից։

Դեղնուցներից զգուշությամբ առանձնացնել սպիտակուցները և աղի հետ միասին հարիչով լավ հարել, որպեսզի լավ փրփրի ու ստացվի կայուն զանգված։ Շարունակելով հարել՝ փոքր չափաբաժիններով ավելացնել շաքարավազը, այնուհետև նաև՝ դեղնուցները։

Հարած զանգվածին խնամքով խառնել ալյուրի, նշի ալյուրի ու օսլայի խառնուրդը։

Խմորը լցնել կոնաձև տոպրակների մեջ ու թխել նախապես 180°C տաքացրած ջեռոցում՝ 15 – 20 րոպե։

Հանել ջեռոցից ու թողնել՝ հովանա, ապա հեռացնել յուղաթուղթը, անհրաժեշտության դեպքում կտրելով հարթեցնել հիմքը, որպեսզի կոներն ուղիղ կանգնեն։ Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա (կամ փոխարենն օգտագործել խտացրած կաթ), բարակ շերտով կոների կողմնային մակերեսները վրձնի օգնությամբ պատել շոկոլադով ու անմիջապես թավալել մանրացրած պիստակի մեջ (պիստակի գույնն ավելի արտահայտիչ դարձնելու նպատակով կարելի է մի քիչ կանաչ գունանյութ ավելացնել)։

3 ճ․ գ շաքարի փոշին հարել կիտրոնի հյութի հետ ու ծորացնելով գագաթներին՝ ստեղծել ձյան շերտ։

Այնուհետև ձևավորել ըստ ճաշակի։ Իսկ վերջում տոնածառների վրա շաքարի փոշի ցանել ու մատուցել։