Գազարախնձորային շոռաբլիթներ
Գազարի ու խնձորի օգտակար հատկությունների ու համային հիանալի համադրությանը կատարելապես միաձուլվում է նաև ո՛չ պակաս օգտակար կաթնաշոռը։

Գազարախնձորային շոռաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կաթնաշոռ – 250 գ
սպիտակաձավար (манная крупа) – 3 – 4 ճ․ գ
շաքարավազ – 2 – 3 ճ․ գ
գազար՝ խոշոր չափսի – 1 հատ
խնձոր – 2 հատ
ձվի սպիտակուց – 2 հատ
աղացած դարչին։
Գազարախնձորային շոռաբլիթների պատրաստման եղանակն է․
կեղևազատած գազարն ու խնձորները քերել քերիչով, ավելացնել շաքարավազը, կաթնաշոռը, դարչինն ու սպիտակաձավարը և լավ խառնել։ Այնուհետև ավելացնել հարելու ընթացքում կայուն փրփրազանգված դարձած սպիտակուցները ու կրկին լավ խառնել։
Ստացված զանգվածից ջեռոցի յուղած տապակի վրա շոռաբլիթներ ձևավորել ու թխել նախապես 180˚C տաքացրած ջեռոցում մինչև թեթևակի վարդագունելը՝ մոտ 15 րոպե։
Շոռաբլիթները մատուցել թթվասերով, վանիլային թանձրուկով, մրգային օշարակով կամ նախընտրելի մուրաբայով՝ մի բաժակ տաք թեյի հետ միասին։