Գունավոր կավիճներ՝ կավճանկարի համար

Բոլոր երեխաները սիրում են կավճանկարել ասֆալտի վրա։ Այս ժամանցն արդիական է հատկապես ամռանը։ Իհարկե, կավճանկարի համար նախատեսված գունավոր կավիճներ կարելի է գնել խանութից, սակայն դրանք կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում՝ երեխաների անմիջական մասնակցությամբ, մանավանդ, որ դա շատ հեշտ է։

Տարբերակ 1

Գիպսով պատրաստված գունավոր կավիճներ

Կավիճների այս տարբերակի առավելությունը կայանում է նրանում, որ այն շատ արագ է քարանում, սակայն նկարելիս հարկավոր է որոշակի ուժ գործադրել և բավականին անհարմար է գրատածտակի վրա նկարելու համար։

Կավճանկարի համար 2 հատ գունավոր կավիճ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ստվարաթղթե գլանակներ՝ զուգարանի թղթի (2 հատ) կամ թղթե սրբիչի (1 հատ) միջուկը

մկրատ

կպչուն ժապավեն

յուղաթուղթ կամ պոլիէթիլենային տոպրակ

միանգամյա օգտագործման տարրաներ

ներկեր՝ գուաշ (սննդային ներկերից վառ գունավորվում են նաև ձեռքերը)

ջուր – 0,5 բաժակ

գիպս – 1 բաժակ

գդալ կամ փայտիկներ՝ զանգվածը խառնելու համար։

Կավճանկարի համար գունավոր կավիճների պատրաստման եղանակն է․

թղթե սրբիչի ստվարաթղթե գլանակը կիսել, իսկ զուգարանի թղթինն օգտագործել ամբողջական վիճակում։ Գլանի մի ծայրը, առանց ձևափոխելու գլանը, ամուր փակել պոլիէթիլենային տոպրակից կտրված քառակուսի կտորով ու կպչուն ժապավենով, ապա ժապավենապատել նաև գլանի կողմնային մակերևույթը։ Գլանը պետք է դառնա հնարավորինս անջրաթափանց։

Յուղաթղթից կամ պոլիէթիլենային տոպրակից կտրել գլանի բարձրությունից և գլանի կողմնային մակերևույթի բացվածքի չափից մի քանի սանտիմետրով ավելի երկար ուղղանկյուններ և դրանք տեղադրել ստվարաթղթե գլանների մեջ։

Ստվարաթղթե գլանակները կարելի է փոխարինել միանգամյա օգտագործման բաժակներով կամ յոգուրտի տարրաներով։ Այդ դեպքում կարիք չի լինի դրանք նախապես մշակել կպչուն ժապավենով և յուղաթղթով, սակայն կստացվեն ավելի մեծ տրամագծով։

2 միանգամյա օգտագործման տարրաների մեջ լցնել գոլ ջուրի կեսը, ավելացնել ներկը, խառնել միանգամյա օգտագործման գդալներով կամ փայտիկներով, մինչև լավ լուծվեն ջրում։

Այնուհետև յուրաքանչյուր տարրայի մեջ լցնել գիպսի կեսը, լավ խառնել։ Հարկավոր է ստանալ մածուցիկ զանգված։ Պետք է հիշել, որ անպայման գիպսը պատք ավելացնել ջրին, այլ ոչ հակառակը և ստացված զանգվածը շատ արագ է քարանում, ուստի հարկավոր է աշխատել հնարավորինս արագ։

Զանգվածներն զգուշությամբ լցնել գլանների մեջ՝ դրանք թեթևակի թափահարելով, որպեսզի կավճի մեջ օդի պղպջակներ չմնան։

Թողնել, որ կավիճները չորանան 3 — 4 ժամ, հանել կաղապարներից և թողնել, որ վերջնականապես չորանան։ Դա կարող է տևել 2 -3 օր։

Լավ չորանալուց հետո կարելի է կավճանկարել։

Տարբերակ 2

Կավճափոշով պատրաստված գունավոր կավիճներ

Կավճափոշով պատրաստված կավիճներով նկարելու համար առանձնապես ուժի գործադրման կարիք չկա, հարմար են գրատախտակին նկարելու համար, սակայն այն հեշտ է փշրվում և, ի տարբերություն գիպսե կավիճների, ավելի երկար պետք է սպասել, որպեսզի վերջնականապես չորանան։

Կավճանկարի համար գունավոր կավիճ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ջուր – 1 բաժակ

կավճափոշի – 3,5 բաժակ

նկարչական ներկեր

միանգամյա օգտագործման տարրաներ

սիլիկոնե կաղապարներ

գդալ կամ փայտիկներ՝ զանգվածը խառնելու համար։

Կավճանկարի համար գունավոր կավիճների պատրաստման եղանակն է․

Սառը կամ գոլ ջուրը լցնել միանգամյա օգտագործման տարրայի մեջ, ավելացնել կավճափոշին, լավ խառնել, մինչև դառնա միասեռ զանգված։

Մի քանի այլ տարրաներ մեջ նախապես լցնել ներկերը և կավճափոշով պատրաստի զանգվածը բաժանել նախատեսված տարրաներ մեջ։ Խառնել յուրաքանչյուրն առանձին-առանձին և լցնել կաղապարների մեջ։ Նույն կաղապարի մեջ մի քանի գունավոր զանգված լցնելով՝ կարելի է ստանալ բազմագույն կավիճ։

Կաղապարները տեղավորել քամոտ և տաք տեղում, թողնել մի քանի օր՝ կախված կաղապարի ծավալից։ Արդեն քարացած կավիճները հանել կաղապարներից, ևս 2-3 օր թողնել՝ չորանա։

Արդեն պատրաստի կավիճները մեծ ուրախություն կպատճառեն երեխաներին։

Տարբերակ 3

Կավճափոշով և գիպսով պատրաստված գունավոր կավիճներ

Կավճափոշով և գիպսով պատրաստված գունավոր կավիճներն ունեն գիպսի ամրությունն ու կավճափոշու փխրունությունը միաժամանակ։

Կավճանկարի համար գունավոր կավիճ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ջուր – 1 բաժակ

կավճափոշի – 2 բաժակ

գիպս – 0,5 բաժակ

սառույցի համար նախատեսված կաղապար

ներկեր

միանգամյա օգտագործման տարրաներ

գդալ կամ փայտիկներ՝ զանգվածը խառնելու համար։

Կավճանկարի համար գունավոր կավիճների պատրաստման եղանակն է․

Միանգամյա օգտագործման տարրայի մեջ լցված սառը ջրի վրա ավելացնել գիպսի և կավճափոշու խառնուրդը, լավ խառնել, բաժանել մասերի և յուրաքանչյուրը գունավորել նախընտրելի գույնով։

Պատրաստի զանգվածներն արագ լցնել սառույցի համար նախատեսված կաղապարի մեջ և թողնել՝ քարանա։

Քարացած կավիճները հանել կաղապարներից, դնել արևի տակ՝ վերջնականապես չորանալու համար։

Չոր կավիճները պատրաստ են ստեղծագործական գործընթացի համար։