Դդմով ու հավի մսով հնդկաձավարի փլավ

Հնդկաձավարի ու մյուս մթերքների օգտակար հատկությունները կարելի է համատեղել՝ պատրաստելով այս համեղ ու օգտակար փլավը։

Դդմով ու հավի մսով հնդկաձավարի փլավ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հնդկաձավար – 150 գ

դդում – 150 գ

հավի փափկամիս – 200 գ

լոլիկ – 1 հատ

սոխ – 2 գլուխ

թթվասեր – 2 ճ․ գ

բուսայուղ կամ ձիթայուղ – 2 ճ․ գ

մաղադանոս կամ համեմ

աղացած սև, կարմիր պղպեղներ

ջուր – 1 բաժակ

աղ։

Դդմով ու հավի մսով հնդկաձավարի փլավի պատրաստման եղանակն է․

մանր կտրտած սոխով ու 1 ճ․ գ բուսայուղով սոխառեծ պատրաստել, վրան ավելացնել խորանարդաձև մանր կտրտած լոլիկն ու հավի միսը։ Տապակել մինչև մսի կիսապատրաստ լինելը, ապա ավելացնել նույն կերպ կտրտած դդումը ու շարունակել տապակել ևս մի քանի րոպե։

Ջեռոցի կաղապարի մեջ լցնել տապակված զանգվածը, ավելացնել հնդկաձավարն ու խառնել՝ համաչափ տարածելով կաղապարի մեջ, վրան տարածել թթվասերի, մնացած բուսայուղի, աղի ու համեմունքների խառնուրդը, ապա նաև՝ ջուրը։

Կաղապարը  խնամքով ծածկել փայլաթիթեղով ու եփել 200 ˚C տաքացրած ջեռոցում 30 — 35 րոպե՝ մինչև պատրաստ լինելը։

Մատուցելիս ձևավորել մաղադանոսի՝ կտրտած կամ ամբողջական ճյուղով։