Вы просматриваете: Главная > ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ՆԵՐ, ՔԱՂՑՐԱԲԼԻԹ ՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ, ՕՐԱՑՈՒՅՑ > Դեկտեմբերի տասներկուսը՝ որպես քաղցրաբլիթե տնակի օր

Դեկտեմբերի տասներկուսը՝ որպես քաղցրաբլիթե տնակի օր

Կաթոլիկ եկեղեցում դեկտեմբերի 12 – ը նշվում է որպես քաղցրաբլիթե (անուշահացե, пряничный) տնակի օր։ Այդ օրն ամենուր թխում են կոճապղպեղով քաղցրաբլիթներ ու թխվածքաբլիթներ։

Հարկ է նշել, որ դեռևս Հռոմում թխվել են ուտելի տնակներ, որոնք կիրառվել են որպես աստվածների «բնակատեղի»՝ տնային պանթեոններում։ Թխելուց հետո տնակը որոշ ժամանակ թողել են տանը գտնվող զոհասեղանին, որպեսզի աստվածները հասցնեն այնտեղ հյուրընկալվել, որից հետո այն կերել են ողջ ընտանիքով։ Այս ծիսակարգը խորհրդանշել է բարձրյալ ուժերի հետ միավորումը։

Քրիստոնեության ընդունումից հետո այս ծիսակարգը հետզհետե մոռացության է մատնվել։

Քաղցրաբլիթային տնակներ պատրաստելու ժամանակակից ավանդույթն սկիզբ է առել 19 – րդ դարի սկզբին՝ 1812 թ․ — ին՝ Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի լույս տեսնելուց  հետո․ քաղցրե տնակները դարձել են ամենապահանջված ու մեծ ժողովրդականություն վայելող քաղցրավենիքներից մեկը։ Դրանք այնքան մեծ համբավ  ու տարածում են գտել, որ սկսել են կազմակերպվել տարբեր տեսակի մրցույթներ ու ցուցադրություններ՝ կապված տնակների տեսքի, բաղադրության և այլ հատկանիշների հետ։ Այդ սովորությունը մինչև այժմ էլ կիրառական է ԱՄՆ – ում ու Եվրոպայում։ Նույնիսկ սահմանվել են ռեկորդներ, որոնք գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում։

Քաղցրաբլիթե տնակների տոնի նշման հիմնական վայրը Նորվեգիայի քաղցրաբլիթային քաղաքն է՝ Բերգենում, որի շինարարության գործում իրենց մասնակցությունն են ունենում բոլոր բնակիչները․ քաղցրավենիքը պատրաստում են ինչպես հրուշակեղենի արտադրամասերում, այնպես էլ ամենուր՝ մանկապարտեզներում, դպրոցներում, տներում․․․Քաղաքի հիմնական շինարարներն ու գեղազարդողները երեխաներն են, իսկ մեծահասակներն օգնում են նրանց։

Բերգենում առաջին անգամ քաղցրաբլիթե տնակների քաղաք պատրաստվել է 1991 թ․ — ին։ 2010 թ․ — ին մի խումբ բարբարոսներ մի գիշերվա ընթացքում ամբողջությամբ ոչնչացրել են քաղցրաբլիե տնակների քաղաքը։ Այդ արարքն անչափ ցնցել էր նորվեգացիներին և, լրատվամիջոցներից այդ մասին իմանալուն պես, նրանք միահամուռ ուժերով կարճ ժամանակամիջոցում վերականգնել են այն։

Ըստ ֆրանսիական ավանդազրույցի՝ կոճապղպեղով քաղցրաբլիթի պատրաստման բաղադրատոմսը 992 թ․ — ին իր հետ Ֆրանսիա է տարել ու պատրաստման ձևը սովորեցրել Գրիգորի Մակար անունով հայ վանականը։ Նա 7 տարի ապրել է Պիտիվյե քաղաքից ոչ հեռու, որտեղ էլ բնակիչներին ու հոգևորականներին սովորեցրել է պատրաստել իր սիրելի քաղցրավենիքը։ Կոճապղպեղով քաղցրաբլիթները հաճախ թխվել են եկեղեցական ծիսակատարությունների համար, քանի որ դրանք փխրուն չէին ու թխվելու ընթացքում էականորեն չէին փոխում իրենց ուրվագիծը։ Դրանք պատրաստվել են հրեշտակների ու եկեղեցական այլ սրբերի պատկերներով։ Ժամանակի ընթացքում դրանք դարձել են կաթոլիկ եկեղեցու տոների ծիսակարգի անբաժանելի մի մասը։

13 – րդ դարում գերմանացի ճանապարհորդներն իրենց հետ բաղադրատոմսը տարել են Շվեդիա։

Տարիների ընթացքում բաղարատոմսը լայն տարածում է գտել ողջ Եվրոպայում, ապա նաև՝ ողջ աշխարհում։

Թխվածքաբլիթները մարդուկների կերպարանք են ստացել միայն 15 – 16 – րդ դարերում։ 17 – րդ դարում եկեղեցականները որոշում ընդունեցին թույլատրել քաղցրաբլիթները թխել ոչ միայն Սուրբ Ծննդին ու Սուրբ Զատիկին, այլ նաև եկեղեցական այլ տոների ժամանակ։

Կոճապղպեղով քաղցրաբլիթների վաճառքի մասին առաջին գրավոր հիշատակումը եղել է 17 – րդ դարում։ Այն վաճառել են վանական համալիրներում, դեղատներում և շուկաներում։

Այսօր կոճապղպեղով քաղցրաբլիթներն ու թխվածքաբլիթները՝ մարդուկների կամ այլ պատկերներով, ինչպես նաև տնակները համարվում են Սուրբ Ծննդյանը նվիրված ամերիկյան ու եվրոպական ավանդույթների ու տոնակատարությունների անբաժանելի մասնիկը։

Метки: ,

Обсуждение закрыто.