Եղնջահաց
Մատղաշ եղինջը պարունակում է բավականին շատ վիտամիններ, ամինոթթուներ ու միկրոտարրեր։ Այն լայն կիրառություն ունի ինչպես ժողովրդական բժշկության մեջ, այնպես էլ խոհանոցում։ Թարմ եղինջից թխված հացը ոչ միայն առողջարար է, այլ նաև ունի հիանալի համ և բույր։

Եղնջահաց պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ալյուր – 400գր
ջուր – 200 մլ
թարմ եղինջ – 100 գ
թարմ սամիթ – 1 կապ
խմորիչ – 10 գ
կարագ – 30գ
շաքարավազ – 1 թ. գ
աղ — 1 թ. գ
քունջութ – 1 ճ․գ:
Եղնջահացի պատրաստման եղանակն է․
լվացած եղինջը խաշել եռացող ջրում 1-2 րոպե, հանել և անմիջապես լցնել սառր ջրի մեջ, որպեսզի գույնը պահպանվի:

Բլենդերի մեջ լցնել կտրտած եղինջն ու սամիթը, ավելացնել շաքարավազը և տաք ջուր (կարելի է օգտագործել այն ջուրը, որում խաշվել է եղինջը): Լավ հարել, որ դառնա միասեռ զանգված: Տեղափոխել խմորի համար նախատեսված թասի մեջ, ավելացնել խմորիչը և թողնել տաք տեղում 10-15 րոպե:
Այնուհետև, ավելացնելով հալված կարագը, աղը և ալյուրը, փափուկ խմոր հունցել: թողնել 1.5 ժամ տաք տեղում, որ հասունանա:

Դրանից հետո խմորին գլանի ձև տալ և տեղափոխել յուղաթղթի վրա: Եվս 1 ժամ թողնել հասունանալու համար:
Ապա, թրջելով երեսը, վրան քունջութ ցանել:
Թխել նախապես 190˚C տաքացրած ջեռոցում 35 րոպե:

Այս հացը կարելի է մատուցել մսի, կարտոֆիլի, բամջարեղենային աղցանների հետ:
