Եղևնու ճյուղ՝ ծալքավոր թղթից

Ծալքավոր թղթից պատրաստված եղևնու ճյուղը կարող է ձմեռային գեղեցիկ զարդարանք դառնալ սենյակի, շինվածքների կամ նվերների ձևավորման համար կամ պարզապես գեղեցիկ նվեր՝ մտերիմներին ձմեռային տոների կապակցությամբ շնորհավորելու համար։

Ծալքավոր թղթից եղևնու ճյուղ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ծալքավոր թուղթ՝ կանաչ և շագանակագույն

մկրատ

ճկուն  ու բարակ մետաղալար

սոսնձային ատրճանակ

ժապավեն՝ ձևավորելու համար։

Ծալքավոր թղթից եղևնու ճյուղի պատրաստման եղանակն է․

ծալքավոր կանաչ թղթից հնարավորինս երկար ժապավեն կտրել, որի լայնությունը կախված է եղևնու փշերի ցանկալի երկարությունից։

Ժապավենի վրա՝ ըստ լայնության, 0,5 սմ հեռավորությամբ կտրվածքներ անել այնպես, որ ժապավենն ամբողջական մնա 0,5 – 1 սմ լայնությամբ։

Կտրված շերտիկները երկու մատի օգնությամբ հատ-հատ ոլորել՝ ձևավորելով եղևնու փշերը։

Հարկավոր է պատրաստել նմանատիպ մի քանի ժապավեն (ժապավենների քանակը կախված է ճյուղի նախատեսված չափսից ու փշերի խտությունից)։

Մետաղալարի մի ծայրից 2 – 3 սմ երկարությամբ մի հատված երկտակել՝ ընդգրկելով պատրաստի փշերից 1 — 2 հատ։ Այնուհետև ծալքավոր թուղթը, հնարավորինս խնամքով ու կիպ, փաթաթել մետաղալարի շուրջը։ Անհրաժեշտ երկարությամբ ճյուղ պատրաստելուց հետո ժապավենի եզրը սոսնձել մետաղալարին (ցանկալի է, որ մետաղալարի եզրը 3 – 4 սմ-ով երկար լինի սոսնձված պարույրներից)։ Նույն սկզբունքով պատրաստել մի քանի ճյուղ։

Կենտրոնական ճյուղը պատրաստել մյուսների նման, սակայն  մետաղալարի վրա՝ տարբեր հատվածներում, ամրացնել մյուս ճյուղերի՝ թղթով չպարուրված հատվածները՝ թեթևակի ոլորելով, իսկ ժապավենի փաթաթման ընթացքում խնամքով թաքցնել միացման հատվածները։ Կենտրոնական ճյուղը ժապավենապատել ամբողջ երկարությամբ։

Ծալքավոր շագանակագույն թղթից 10 սմ լայնությամբ հնարավորինս երկար ժապավեն կտրել։ Եզրերից մեկը՝ ողջ երկարությամբ, մոտավորապես 1 սմ-ով ծալել։ Ծալած եզրից թուղթը ծալել դեպի ներս, մատով պահել ծալված հատվածը և թեթևակի ձգելով՝ նույն հատվածը հետ ծալել։ Արդյունքում ժապավենի վերևի հատվածը պետք է ալիքաձև տեսք ստանա՝ ձևավորելով կոնի թեփուկները։

Կոնը ձևավորելու նպատակով հարկավոր է շագանակագույն թուղթը՝ ծալազարդված եզրը դեպի վերև, փաթաթել այնպես, որ կոնի վերևի մասի տրամագիծը փոքր լինի, ապա աստիճանաբար լայնանա։ Կոնը նախատեսած չափի հասցնելուց հետո ներսում սոսնձել մետաղալարի մի եզրը, իսկ կոնի հինքն ամուր կապել թելով։ Կապված հատվածն ու մետաղալարը փաթաթել կանաչ թղթից կտրած երիզով։

Կոներն ու ճյուղերն իրար կապել ժապավենով։