Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ > Թզով շոռակարկանդակ

Թզով շոռակարկանդակ

Անուշահամ թուզը շոռակարկանդակին (чизкейк, cheesecake) հաղորդում է անկրկնելի համ ու յուրահատուկ տեսք։ Այն կարելի է վայելել մի գավաթ սուրճի, տաք շոկոլադի, թեյի կամ զովացնող որևէ ընպելիքի հետ։

Թզով շոռակարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կաթնային փխրուն (շաքարավազային, песочное) թխվածքաբլիթ – 150 գ

շոկոլադե փխրուն թխվածքաբլիթ – 200 գ

նուշ կամ այլ ընկուզեղեն – 80 գ

կարագ – 100 – 120 գ

սերուցքային պանիր – 550 գ

սերուցք՝ 33% յուղայնությամբ – 90 մլ

ձու – 2 հատ

շաքարավազ – 110 գ

շաքարի փոշի – 1 ճ․ գ

վանիլ

թուզ – 300 – 400 գ։

Թզով շոռակարկանդակի պատրաստման եղանակն է․

կաթնային և շոկոլադե թխվածքաբլիթները փշրել բլենդերի օգնությամբ կամ քերիչով քերել։ Ստացված փշրանքի վրա ավելացնել հալված կարագը, մանր կտրտած նուշը և լավ խառնել, ապա հունցել՝ ստանալով համասեռ կպչուն զանգված։

Թխվածքաբլիթային զանգվածը տարածել ոչ մեծ կաղապարի մեջ՝ հնարավորինս սեղմելով ու հարթեցնելով։ Կաղապարը 15 – 20 րոպեով տեղադրել սառնարանում։

Այդ ընթացքում պատրաստել լցոնը․ դրա համար հարկավոր է 500 գ պանիրը հարել շաքարավազի հետ, ապա ավելացնել ձուն, հնարավորինս դանդաղ հարել հարիչով, որից հետո ավելացնել 80 մլ սերուցքը, վանիլն ու շարունակել հարել։

Լվացած ու ջրքամած թզից ընտրել 3 – 4 համաչափ ու գեղեցիկ թուզ՝ ձևավորման համար, իսկ մնացածը կեղևազրկել, բլենդերի օգնությամբ խյուս պատրաստել, ավելացնել լցոնին ու խնամքով խառել։

Կաղապարը հանել սառնարանից ու թխվածքաբլիթային զանգվածի վրա տարածել լցոնը։

Նախապես 130°C տաքացրած ջեռոցում՝ ջրով լի տապակի մեջ, տեղադրել կաղապարն ու թխել 60 – 80 րոպե։

Անջատել ջեռոցը ու թողնել, որ շոռակարկանդակն ամբողջովին հովանա ջեռոցում, որից հետո այն տեղափոխել սառնարան՝ սառեցնելով 3 – 4 ժամ։

Միասին հարել մնացած սերուցքային պանիրը, սերուցքը և  շաքարի փոշին։ Ստացված կրեմով պատել շոռակարկանդակի մակերեսն ու ձևավորել շերտատած թզով։

Метки: , , ,


Оставить отзыв