Вы просматриваете: Главная > ԹՂԹԵՐԻՑ, ՍՏՎԱՐԱ ԹՂԹԵՐԻՑ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Թղթե ընձուղտ

Թղթե ընձուղտ

Այսօրինակ շինվածքի միջոցով երեխաները կարող են ծանոթանալ կենդանական զարմանահրաշ աշխարհի ներկայացուցիչների հետ, պատրաստել ինքնուրույն ու խաղալ ընկերների հետ։ Նույն սկզբունքով կարելի է պատրաստել նաև տարբեր կենդանիներ։

Տարբերակ 1

Թղթե ընձուղտ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գունավոր թղթեր

սոսինձ

սև գրիչ

մկրատ։

Թղթե ընձուղտի պատրաստման եղանակն է․

գունավոր թղթերի վրա նկարել ընձուղտի մասնիկները պահանջվող քանակությամբ ու մկրատով առանձնացնել՝

դեղին թղթից՝

մարմին – 1 հատ

ականջ – 2 հատ

գլուխ – 2 հատ

նարնջագույն թղթից՝

պոչիկ – 1 հատ

պոչիկի մազափունջ – 2 հատ

եղջյուրիկ – 2 հատ

դնչիկ – 1 հատ

նախշեր – ցանկացած քանակության ու ձևի

վարդագույն թղթից՝

ականջի ներքին մասնիկ – 2 հատ

սև թղթից՝

աչք – 2 հատ։

Մարմնի մասնիկի վրա փակցնել նախշերը, ապա մասնիկը փաթաթելով՝ ձևավորել կոն ու սոսնձել։

Ձևավորված մարմնի ներքևի մասում՝ միմյանցից հավասար հեռավորության վրա, կտրելով ձևավորել 4 փոքրիկ փոսիկ՝ դրանով իսկ առանձնացնելով ոտքերն իրարից։

Գլխի մասնիկներից մեկի վրա սոսնձել աչքերն ու դնչիկը, սև գրիչով նկարել հոնքերը, թարթիչները, բերանն ու քթանցքերը։ Գլխի երկրորդ մասնիկի վրա փակցնել իրար ականջները՝ սոսնձած ներքին մասնիկներով, իսկ ականջների միջև՝ եղջյուրիկները։ Գլխի մասնիկները սոսնձել միմյանց այնպես, որ ականջների ու եղջյուրիկների սոսնձված հատվածները գտնվեն գլխի երկու մասնիկների միջև։

Պատրաստված գլուխը սոսնձել կոնի գագաթին, ապա մարմնին փակցնել նաև պոչիկը, որի մի եզրին՝ երկու կողմից, նախապես սոսնձված են պոչիկի մազափունջը։

Պատրաստի ընձուղտի համար կարելի է պատրաստել թղթե այլ ընկերներ ու խաղալ։

Տարբերակ 2

Թղթե ընձուղտ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դեղին հաստ թուղթ կամ բարակ ստվարաթուղթ

շագանակագույն կամ դարչնագույն թուղթ

ներկամատիտ (ֆլոմաստեր)

սոսինձ

մկրատ։

Թղթե ընձուղտի պատրաստման եղանակն է․

դեղին ուղղանկյուն թուղթը կոնաձև փաթաթել, սոսնձել ու հեռացնել ավելորդ մասերն այնպես, որ այն կանգուն մնա։

Մնացորդ կտորներից մեկի վրա նկարել ընձուղտի գլուխը և խմանքով կտրելով՝ առանձնացնել։

Ապա կոնի վրա կամայական ձևով սոսնձել շագանակագույն թղթի մանր կտորտանքները՝ ձևավորելով ընձուղտի նախշերը, իսկ հետո էլ գլուխը սոսնձով փակցնել կոնի գագաթին։

Կարելի է պատրաստել մի քանի ընձուղտ՝ ստեղծելով ընտանիք։

Метки: , ,


Оставить отзыв