Вы просматриваете: Главная > ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՕՇԱՐԱԿՆԵՐ, ԴՈՇԱԲՆԵՐ > Խատուտիկի մեղր

Խատուտիկի մեղր

Խատուտիկը ոչ միայն իր գեղեցիկ տեսքով ու վառ գույնով գարնանը ողողում է դաշտերն ու անտառները, այլև իր բուժիչ հատկություններով ու համային հատկանիշներով դառնում անփոխարինելի։

Խատուտիկից պատրաստված ամենատարածված ուտեստը խատուտիկի մեղրն է, որն իրենից ներկայացնում է ծաղիկներից պատրաստված օշարակ կամ դոշաբ։ Այն ունի մի շարք օգտակար հատկություններ՝ դրական ազդեցություն ունի լյարդի, միզուղիների վրա, նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը և այլն։ Չնայած դրական հատկանիշներին՝ խատուտիկն ունի կիրառման հակացուցումներ․ այն չի կարելի օգտագործել խոցային, ստամոքսային մի շարք հիվանդությունների և այլ դեպքերում։ Հետևաբար այն օգտագործելուց առաջ հարկավոր է տեղեկանալ դրանց մասին։

Տարբերակ 1

Խատուտիկի մեղր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խատուտիկի ծաղիկներ – 350 – 400 գ

ջուր – 2 բաժակ

շաքարավազ – 7 բաժակ։

Խատուտիկի մեղրի պատրաստման եղանակն է․

խատուտիկի լվացած ծաղիկները ծածկել ջրով ու դնել կրակին։ Երբ սկսի եռալ, եփել 2 րոպե ու ջրքամել թանզիվով (марля) ծածկված մաղով, ապա լավ մզել թանզիվի օգնությամբ։

Ստացված թուրմի մեջ ավելացնել շաքարավազ ու կրկին դնել կրակին։ Երբ օշարակն սկսի եռալ, եփել մինչև պատրաստ լինելը՝ մոտ 7 – 8 րոպե։

Վերցնել կրակից ու անմիջապես լցնել նախապես մանրէազերծված ապակե տարաների մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։

Տարբերակ 2

Խատուտիկի մեղր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խատուտիկի ծաղիկներ – 400 հատ

ջուր – 1 լ

շաքարավազ – 1 կգ։

Խատուտիկի մեղրի պատրաստման եղանակն է․

խատուտիկի լվացած ու լավ ջրքամած ծաղիկներից հեռացնել բաժակաթերթիկներն ու ծաղկակոթերը (ծաղկի կանաչ հատվածը), լցնել կաթսայի մեջ ու ավելացնել եռացող ջուրը։ Ծածկել կափարիչով ու թողնել 20 – 25 րոպե, որպեսզի թրմվի։

Այնուհետև մաղել ու հեռացնել ծաղկաթերթիկները։

Թրմի մեջ ավելացնել շաքարավազն ու եփել մինչև պատրաստ լինելը՝ ժամանակ առ ժամանակ հեռացնելով մակերեսի փրփուրը։

Պատրաստի մեղրը տաք վիճակում լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել։

Պահել զով տեղում։

Метки: ,

Обсуждение закрыто.