Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄ ՆԵՐ > Խմորի փխրեցուցիչ՝ տնային պայմաններում

Խմորի փխրեցուցիչ՝ տնային պայմաններում

Խմորի փխրեցուցիչը (разрыхлитель теста, пекарский порошок, baking powder) փոշիանման սննդային հավելում է, որն օգտագործվում է հրուշակագործության մեջ՝ ջերմային մշակման ընթացքում թխվածքին փքունություն ու օդեղենություն հաղորդելու նպատակով։ Դրա հետ մեկտեղ այն որևէ ազդեցություն չի թողնում մարդու օրգանիզմի վրա։ Այն կարելի է պատրաստել տնային պայմաններում, օգտվել փոխարինող տարբերակներից կամ պարզապես գնել խանութից։

Տնային պայմաններում պատրաստված փխրեցուցիչի առավելությունը կայանում է նրանում, որ այն չի պարունակում լրացուցիչ քիմիական նյութեր, ավելի երկար է պահպանվում և այն կարելի է պատրաստել ցանկացած պահի։ Դրանով պատրաստված խմորեղենն ավելի փափուկ է, երկար է պահպանում թարմությունն ու ավելի ուշ է սկսում փշրվել։

Փխրեցուցիչ պատրաստելու համար օգտագործում են ցորենի ալյուր՝ ծավալ հաղորդելու նպատակով։ Երբեմն ալյուրը փոխարինում են եգիպտացորենի օսլայով։ Առավելությունը կայանում է նրանում, որ օսլայով պատրաստված փխրեցուցչի պիտանելության ժամկետն ավելի երկար է։

Բիսկվիթային խմորների դեպքում ցորենի ալյուրը կարելի է փոխարինել աշորայի խոշոր աղացած ալյուրով․ այն ավելացնում է փքունությունն ու բիսկվիթին հաղորդում ավելի ախորժելի տեսք։

Սոդան փխրեցուցչի կարևոր և անփոխարինելի բաղադրիչն է․ թթվային միջավայրի հետ նրա հակազդեցությունից է կախված հրուշակեղենի որակն ու տեսքը։

Կիտրոնաթթուն կամ կիտրոնի աղն ստեղծում է համապատասխան թթվային միջավայր՝ սոդայի հետ հակազդեցության համար և չեզոքացնում է սոդայի ոչ այնքան հաճելի յուրահատուկ դառնահամությունն ու պահպանում խմորեղենի վառ երանգավորումը։

Կիտրոնի աղը կարելի է փոխարինել ցանկացած թթվաշ մրգի կամ հատապտղի լավ չորացրած չրով՝ նախապես սրճաղացով լավ փոշիացնելուց հետո։

Շատ կարևոր է պահպանել տնային պայմաններում պատրաստվող փխրեցուցչի բաղադրամասերի հարաբերակցությունը՝ 12 ։ 5 ։ 3, քանի որ այն խախտելը բացասական ազդեցություն կարող է ունենալ խմորեղենի որակի վրա։ Անհրաժեշտ է հիշել․ ալյուրն օսլայով փոխարինելու դեպքում բաղադրիչների հարաբերակցությունը փոխվում է 10 ։ 5 ։ 3։

Խմորի փխրեցուցիչ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ալյուր – 12 թ․ գ

սոդա – 5 թ․ գ

կիտրոնի աղ – 3 թ․ գ։

Խմորի փխրեցուցչի պատրաստման եղանակն է․

ալյուրը, սոդան և սրճաղացով մանրացված կիտրոնի աղը խառնել իրար, լցնել չոր ապակե տարրայի մեջ և պահել մութ, հով ու չոր տեղում։

Խմորեղենների մեջ կիրառելիս բաղադրության մեջ նշված չափը լիովին համապատասխանում է տնային պայմաններում պատրաստած փխրեցուցչի չափաբաժնին։

Метки: , , ,


Оставить отзыв