Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ > Ծիրանով կարկանդակ՝ նշի միջուկով

Ծիրանով կարկանդակ՝ նշի միջուկով

Այս կարկանդակի համն ուղղակի անհնար է նկարագրել բառերով․ այն պարզապես կհավանեն բոլոր համտեսողները։ Բաղադրատոմսը բավականին հեշտ է, և նույնիսկ սկսնակ խոհարարի համար որևէ դժվարություն չի ներկայացնի այն։

Նշի միջուկով ծիրանով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ալյուր —  200 գ

ձու – 2 հատ

կարագ – 100 գ

փխրեցուցիչ – 1 թ․ գ

շաքարավազ – 175 գ

վանիլ

աղ – 2 պտղունց

նշի ալյուր – 100 գ

սերուցք՝ 30% — անոց – 125 մլ

թարմ կամ պահածոյացված ծիրան – 4-8 հատ

նուշ – 10 – 12 հատ։

Նշի միջուկով ծիրանով կարկանդակի պատրաստման եղանակն է․

Սեղանի կամ սկուտեղի վրա մաղած ալյուրի մեջ ավելացնել փխրեցուցիչը, 75 գ շաքարավազը, վանիլն ու 1 պտղունց աղը, խառնել։ Նախապես սառցախցիկում սառեցված կարագը դնել ալրային զանգվածի վրա և դանակով կտրտել՝ միաժամանակ խառնելով ալրային զանգվածին։

Երբ զանգվածը դառնա հնարավորինս համասեռ, ձեռքերով մեջտեղում փոսիկ բացել, ավելացնել թեթևակի հարած 1 ձուն և հունցել այնքան, որ դառնա ձեռքերին չկպչող փափուկ խմոր։

Խմորը գրտնակել նախատեսված կաղապարի ձևով այնպես, որ խմորի հաստությունը լինի 0,5-0,8 սմ և այն ամբողջությամբ ծածկի կաղապարի տակն ու կողքերը։ Սեղմելով լավ հարթեցնել։

Կաղապարը տեղադրել սառնարանում՝ թողնելով 1 ժամ։

Լցոնի պատրաստման համար հարկավոր է նշի ալյուրի վրա ավելացնել 100 գ շաքարավազը և 1պտղունց աղը, խառնել։ Ապա ավելացնել երկրորդ ձուն, սերուցքը և լավ հարել՝ մինչև միասեռ դառնալը։ Ի դեպ, միջուկին կարելի է նաև մի քիչ կոնյակ կամ ռոմ ավելացնել։

Թարմ ծիրանները կիսել, հեռացնել կորիզները, իսկ պահածոյացվածի դեպքում դրանք հանել տարրայի մեջից և թողնել՝ հյութաքամվի։

Խմորապատ կաղապարը հանել սառնարանից, պատառաքաղով խմորը ծակծկել, լցնել միջուկը, իսկ վրան շարել ծիրանները։

Կարկանդակը թխել նախապես 180˚C տաքացրած ջեռոցում 40-45 րոպե։

Պատրաստի կարկանդակը հանել կաղապարից, թողնել՝ հովանա և մատուցելուց առաջ զարդարել բարակ շերտատած նուշով ։

Метки: , ,


Оставить отзыв