Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ > Ծիրանով կարկանդակ

Ծիրանով կարկանդակ

Այս կարկանդակը բոլորին կգերի իր աննկարագրելի համով ու անուշ բույրով։

Ծիրանով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ալյուր – 150 գ

շաքարի փոշի – 80 գ

աղ – ¼ թ․ գ

կարագ – 160 գ

ծիրանի կորիզից ալյուր – 40 գ

ձու – 1 հատ

կոնյակ կամ ռոմ – 1 թ․գ

ծիրան – 800 գ

մեղր – 2 ճ․ գ

ծիրանի կորիզ – 10-12 հատ։

Ծիրանով կարկանդակի պատրասման եղանակն է․

սեղանի կամ սկուտեղի վրա 120 գ ալյուրի մեջ ավելացնել 40 գ շաքարի փոշին ու աղը, խառնել։ Նախապես սառցախցիկում սառեցված 120 գ կարագը խոշոր քարիչով քերել ալրային զանգվածի վրա և խմոր հունցել։ Խմորը գրտնակել նախատեսված կաղապարի ձևով, փռել կաղապարի մեջ՝ ընդգրկելով նաև կողքերը, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել, փաթաթել սննդային թաղանթով ու մոտ 20 րոպեով դնել սառնարան։

Հանել սառնարանից և թխել նախօրոք 210˚C տաքացված ջեռոցում 7-10 րոպե, որպեսզի խմորը թեթևակի վարդագունի։ Թողնել՝ հովանա։

Ծիրանի կորիզից պատրաստված ալյուրը խառնել 40 գ շաքարի փոշու և սենյակային ջերմաստիճանի 30 գ կարագի հետ․ ավելացնել ձուն, 30 գ ալյուրը և կոնյակը։ Լավ հարել հարիչով և տեղավորել սառնարանում՝ 10-15 րոպեով։

Լվացած ու ջրքամած ծիրանները բաժանել երկու մասի՝ հեռացնելով կորիզը։ Ծիրանները կարելի է թողնել ինչպես կիսած վիճակում, այնպես էլ շերտատել կամ խորանարդաձև կտրտել։

Արդեն հովացած հիմքի վրա հավասարաչափ տարածելով՝ լցնել միջուկը, վրան շարել ծիրանները, վրան ձևավորել շատ բարակ շերտատած կորիզի շերտիկներով և թխել նախապես 180˚C տաքացված ջեռոցում 20 րոպե։ Ապա հանել ջեռոցից, մեղրը հնարավորինս համաչափ տարածել վրան և շարունակել թխել ևս 5-7 րոպե։

Метки: ,


Оставить отзыв