Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Կեղևով եփված մանդարինի մուրաբա

Կեղևով եփված մանդարինի մուրաբա

Սովորաբար մուրաբա պատրաստում են ամառային մրգերից ու վայելում ձմռան ցրտին։ Մանդարինի, նարնջի, նռան, արքայանարնջի,  մուրաբանները պատրաստվում են ձմռանը կամ ուշ աշնանը։ Դրանք կարելի է վայելել ինչպես ձմռանը՝ մի բաժակ տաք թեյի հետ, այնպես ամռան տապին՝ զովացնող ընպելիքների կամ պաղպաղակի հետ։

Կեղևով եփված մանդարինի մուրաբան կեղևում առկա եթերայուղերի շնորհիվ յուրահատուկ համ ունի։

Տարբերակ 1

Կեղևով եփված մանդարինի մուրաբա պատրաստելու  համար անհրաժեշտ են՝

մանդարին՝ հնարավորիս մանր – 2 կգ

շաքարավազ – 2 կգ

կիտրոն (կամ կիտրոնաթթու)– 0,5 – 1 հատ (0,25 – 0,5 թ․գ)

վանիլ – ըստ ճաշակի

մեխակ կամ հիլ – ըստ ճաշակի։

Կեղևով եփված մանդարինի մուրաբայի պատրաստման եղանակն է․

մանդարինները լվանալ ու հեռացնել ծաղկի հատվածը։ Այնուհետև լցնել եռացող ջրի մեջ և թողնել 3 -5 րոպե, ապա ջրքամել՝ թափելով ջուրը։ Այդպիսով հեռացվում է կեղևի դառնությունը։

Կրկին ջուր եռացնել ու գործողությունը կրկնել 2 – 3 անգամ։

Երրորդ անգամ մանդարինները եռացող ջրից հանել ու անմիջապես լցնել սառույցով ջրի մեջ, որպեսզի հնարավորինս պահպանվի մանդարինների վառ նարնջագույն երանգը։

Մանդարինները հանել ջրից, չորացնել ու մեջտեղից լայնությամբ կիսել։

Կտրված մասով դեպի վեր դասավորել եփելու համար նախատեսված էմալապատ կաթսայի մեջ՝ շերտ առ շերտ պատելով շաքարավազով։

Կաթսան ծածկել կափարիչով ու թողնել 16 – 24  ժամ՝ մինչև շաքարավազը հալվի, իսկ մանդարիններց հնարավորիս շատ հյութ արտազատվի։ Այդ ընթացքում կաթսան չի կարելի թափահարել կամ խառնել պարունակությունը։

Այնուհետև մարմանդ կրակով եփել 30 – 50 րոպե՝ մինչև օշարակի թանձրանալն ու մուրաբայի պատրաստ լինելը՝ պարբերաբար հեռացնելով առաջացած փրփուրը։

Գրեթե պատրաստի մուրաբայի մեջ ավելացնել կիտրոնի հյութը կամ կիտրոնաթթուն, իսկ ցանկության դեպքում՝ նաև վանիլն ու այլ համեմունքները։

Եփել ևս 3 – 5 րոպե, վերցնել կրակից ու անմիջապես լցնել նախօրոք մանրէազերծված ապակե տարաների մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։

Հովանալուց հետո պահել զով տեղում։

Տարբերակ 2

Կեղևով եփված մանդարինի մուրաբա պատրաստելու  համար անհրաժեշտ են՝

մանդարին՝ հնարավորիս մանր ու քաղցր – 1 կգ

շաքարավազ – 0,6 -0,8 կգ

ջուր – 300 մլ։

Կեղևով եփված մանդարինի մուրաբայի պատրաստման եղանակն է․

մանդարինները խոզանակով լվանալ տաք ջրում, որպեսզի կեղևի ծակոտիները բացվեն ու մուրաբան, շնորհիվ կեղևի արտազատած եթերայուղերի, ունենա հագեցած համ ու անուշ բույր։

Ջրքամած մանդարինները լցնել սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ ու թողնել 10 – 12 ժամ, որպեսզի կեղևի ավելորդ դառնությունը դուրս գա։

Մանդարինները հանել ջրից, չորացնել ու մի քանի տեղից ատամի փայտիկով կամ պատառաքաղով ծակծկել, ապա լայնությամբ կիսել՝ բաժանելով երկու մասի։

Շաքարավազով ու ջրով մարմանդ կրակի վրա օշարակ եփել, վերցնել կրակից ու ավելացնել մանդարինները և թողնել 6 – 8 ժամ։

Այնուհետև մարմանդ կրակով եռման հասցնել ու եփել 2 – 3 րոպե։ Վերցնել կրակից ու կևկին թողնել 6 – 8 ժամ։

Օշարակի մեջից հանել մանդարիններն և եփել այնքան, մինչև թանձրանա։ Մանդարինները վերադարձնել օշարակի մեջ ու միասին եփել 5 – 7 րոպե։

Վերցնել կրակից ու անմիջապես լցնել մանրէազերծված ապակե տարաներ մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։

Метки: ,


Оставить отзыв