Կիտրոնի հյութով ելակի մուրաբա

Կիտրոնի հյութով ելակի մուրաբան շատ համեղ և յուրահատուկ հյուրասիրություն է ցանկացած թեյի կամ սուրճի սեղանին: Այն կարող է հաճելիորեն զարմացնել հյուրերին և գովեստի արժանացնել տանտիրուհուն:

Կիտրոնի հյութով ելակի մուրաբայի նախապատրաստման տևողությունը 12-13 ժամ է, եփման տևողությունը՝ 40 ր: Նշված չափաբաժնից ստացվում է 450 մլ-անոց 3-4 տարա:

Կիտրոնի հյութով ելակի մուրաբայի պատրաստման համար անհրաժեշտ են՝

ելակ – 1 կգ

շաքարավազ – 750 գ

կիտրոն – 1 հատ (հյութը)

կարագ կամ բուսայուղ – 0.5-1 թ. գ (ըստ ցանկության):

Կիտրոնի հյութով ելակի մուրաբայի պատրաստման եղանակն է․

ելակը լվանալ հոսող ջրի տակ, այլ ոչ առատ ջրի մեջ, որպեսզի պտուղները ավելորդ հեղուկ չկլանեն, ապա լավ չորացնել սրբիչով կամ անձեռոցիկով։

Մուրաբայի եփման համար նախատեսված տարայի մեջ շերտով դասավորել ելակը, ապա պատել շաքարավազի շերտով. Կրկնել մինչև մթերքների վերջանալը: Թողնել 12 ժ կամ ողջ գիշեր: Այդ ընթացքում ելակի հյութից շաքարավազը որոշակիորեն կհալվի, իսկ պտուղները հետագայում հնարավորինս կպահպանեն իրենց գույնն ու ձևը: Մինչ եփելը ելակները հատ-հատ հնարավորին չափ մաքրել շաքարավազից, ապա, ընկղմելով կիտրոնի հյութով բաժակի մեջ, անմիջապես հանել և շարել սառնարանի համար նախատեսված սկուտեղի վրա: Սկուտեղը տեղավորել սառնարանում:

Եփել օշարակը մարմանդ կրակով՝ միչև ողջ շաքարավազը հալվի: Մարմանդ կրակով հալվելու դեպքում շաքարավազը չի բյուրեղանա: Այդ ընթացքում սառցախցիկում սառեցնել որևէ դատարկ պնակ:

Երբ շաքարավազն ամբողջությամբ հալված կլինի, շարունակել եփել ուժեղ կրակով, որպեսզի հեղուկն արագ գոլորշիանա: Եփել մինչև օշարակի պատրաստ լինելը՝ մոտ 5-10 ր՝ մինչև ջերմաստիճանը հասնի 105°C: Եթե ջերմաչափ չկա, ապա օշարակի պատրաստ լինելն ստուգելու համար սառցախցիկից հանել արդեն լավ սառած պնակը, վրան մի քանի կաթիլ օշարակ կաթեցնել, սպասել 30 վրկ, ապա մատով մեջտեղից բաժանել: Եթե մի քանի վայրկյանների ընթացքում օշարակի երկու մասերը չմիավորվեն, ուրեմն այն արդեն պատրաստ է:

Արդեն պատրաստի օշարակի մեջ լցնել ելակները, փայտե գդալով զգուշությամբ խառնել և թողնել եռա մոտ 2 ր՝ հեռացնելով երեսի փրփուրը: Կիտրոնի հյութն ամբողջությամբ կամ մասնակի՝ ըստ ճաշակի, ավելացնել պատրաստի մուրաբայի վրա: Կարելի է մի քիչ բուսայուղ կամ կարագ ավելացնել. դա ևս կնպաստի հատիկների գույնն ու տեսքը պահպանելուն, ինչպես նաև կնպաստի փրփուրի մնացորդների տարրալուծվելուն: Անջատել կրակը և, անմիջապես լցնելով նախապես մանրէազերծված (ստերիլիզացված) ապակե տարաների մեջ, փակել: Կիտրոնի հյութով ելակի մուրաբայի պիտանելիության ժամկետը 1 տարի է: