Կողով զատկային ձվերի համար
Սուրբ Զատիկի տոնական սեղանի կարևոր զարդարանքներից է զատկային ձվերի կողովը, որն իր տեսքով յուրօրինակ շուք է հաղորդում տոնական սեղանին:
Իհարկե, ամենատարածվածը և ավանդականը ծլեցրած ցորենով կողովն է, որի մեջ գեղեցիկ դասավորված են խայտաբղետ ներկված զատկային ձվեր, սակայն լայն տարածում ունեն այլ գեղեցիկ ու հետաքրքիր տարբերակներ ևս:

Զատկային ձվերի կողով պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ձվի ստվարաթղթե կաղապար – 1 հատ
թաղիքե (ֆետր, фетр) գունավոր կտորներ
դեղին (կամ այլ նախընտրելի գույն) գուաշ և վրձին
սոսնձային ատրճանակ և սոսինձ
գրասենյակային դանակ
մկրատ
մատիտ:
Զատկային ձվերի կողով պատրաստելու եղանակն է.
ստվարաթղթե կաղապարից կտրելով հեռացնել կողովի համար ոչ պիտանի մասերը: Կողովի հիմքը ներկել գուաշով և թողնել՝ չորանա:

Տարբեր երանգների կանաչ թաղիքների վրա մատիտով խոտ, իսկ այլ գույների թաղիքների վրա ծաղիկներ նկարել ու մկրատով կտրել:
Սոսնձային ատրճանակով թաղիքե մասնիկները սոսնձել կաղապարի վրա. ողջ կաղապարի պարագծով սոսնձել տարբեր երանգներից կտրված խոտը, ապա խոտի փոքր փնջեր սոսնձել նաև ձվի համար նախատեսված փոսիկներում և նախապես կտրված անցքերում: Խոտերի վրա փակցնել բազմերանգ ծաղիկները:

Արդեն պատրաստի կողովի մեջ կարելի է դասավորել ներկված ձվերը:

Թաղիքը կարելի է փոխարինել ֆոմով կամ երկկողմանի գունավոր թղթով: