Կոճապղպեղով քաղցրաբլիթներ
Պատմաբանները պնդում են, որ կոճապղպեղն ուտելիքների ու ըմպելիքների բաղադրության մեջ սկսվել է կիառվել դեռ վաղ ժամանակներից։ Կոճապղպեղը (իմբիր) ոչ միայն համեղ է ու օգտակար, այլ նաև իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ հնարավոր է դարձնում երկարացնել խմորեղենի ու հացամթերքի պիտանելության ժամկետը, հաղորդում նուրբ ու առանձնահատուկ համ։

Կոճապղպեղով քաղցրաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կարագ՝ 82,5 % յուղայնության – 100 գ
ալյուր – 200 – 250 գ
մեղր – 3 ճ․ գ
շաքարավազ – 110 գ
ձու – 1 հատ
սոդա – 1,5 թ․ գ
աղացած կոճապղպեղ – 2 թ․ գ
աղացած հիլ – 1 թ․ գ
աղացած դարչին – 1 թ․ գ։
Կոճապղպեղով քաղցրաբլիթների պատրաստման եղանակն է․
թասի մեջ լցնել հալված կարագը, վրան ավելացնել շաքարավազն ու հարիչի միջին արագությամբ հարել, որպեսզի դառնա համասեռ զանգված։ Ապա ավելացնել մեղրը (անհրաժեշտության դեպքում հալեցնել գոլորշու վրա) և ձուն ու շարունակել հարել։ Այնուհետև մաս-մաս ավելացնել ալյուրի, սոդայի ու համեմունքների խառնուրդը, լավ խառնել։ Պետք է ստացվի կպչուն խմոր։ Խմորից գունդ պատրաստել, փաթաթել սննդային թաղանթով ու 1,5 – 2 ժամով տեղադրել սառնարանում։

Ալրապատ սեղանի վրա դնել սառնարանից հանած խմորի գունդը և ալրապատ գրտնակով գրտնակել՝ ստանալով 0,5 սմ հաստությամբ շերտ։ Հարկավոր է խմորի հետ աշխատել հնարավորինս արագ, որպեսզի այն չհասցնի տաքանալ ու դառնալ սենյակային ջերմաստիճանի։
Գրտնակած խմորից ձևավորել քաղցրաբլիթները, տեղափոխել ջեռոցի՝ յուղած կամ յուղաթղթով ծածկված տապակի մեջ ու թխել 180˚C տաքացրած ջեռոցում՝ 7 – 10 րոպե։

Քաղցրաբլիթները թողնել՝ հովանա և ձևավորել՝ ըստ ճաշակի ու երևակայության։