Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ԿՐԵՄՆԵՐ > Կրեմշոկոլադային աղանդեր

Կրեմշոկոլադային աղանդեր

Կրեմշոկոլադային այս աղանդերը շատ համեղ է, ինքնատիպ ու հետաքրքիր։ Այն դուր կգա հատկապես փոքրիկներին ու հիանալի հյուրասիրություն՝ սուրճի սեղանին։

Կրեմշոկոլադային աղանդեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դոնդող – 10 գ

ջուր – 50 մլ

մուգ շոկոլադ – 80 գ

կաթ – 350 մլ

սերուցք՝ 30% յուղայնությամբ – 100 մլ

կարագ – 50 գ

ձվի դեղնուց – 4 հատ

շաքարավազ – 100 գ

վանիլային շաքարավազ – 15 գ

բիսկվիթային թխվածքաբլիթ – 8 հատ։

Կրեմշոկոլադային աղանդերի պատրաստման եղանակն է․

դեղնուցները հարել շաքարավազով մինչև լավ սպիտակի, ապա ավելացնել վանիլային շաքարավազը։ Աստիճանաբար ավելացնել տաք կաթն ու շարունակել հարել։

Զանգվածը լցնել կաթսայի մեջ ու, անընդհատ խառնելով, թույլ կրակով եփել այնքան, մինչև սկսի թանձրանալ։ Ապա ավելացնել գոլ ջրում նախօրոք թրջած դոնդողը և լավ խառնելով՝ ամբողջությամբ լուծել զանգվածի մեջ։

Շոկոլադը և կարագը միասին հալեցնել գոլորշու վրա, ու թխվածքաբլիթները կիսով չափ ընկղմել շոկոլադե զանգվածի մեջ ու շարել ցանցի վրա, որպեսզի շոկոլադը սառչի ու չորանա։

Մնացած շոկոլադն ավելացնել կրեմային զանգվածի 1/3 – ին ու լավ խառնել։

Կրեմային զանգվածի մնացած մասի վրա ավելացնել լավ հարած սերուցքը ու խնամքով հարել։

100 – 150 մլ ծավալով կաղապարները ցողել սառը ջրով ու յուրաքանչյուրի մեջ հավասարաչափ լցնել նախ սերուցքային զանգվածը, ապա՝ շոկոլադե։ Պատառաքաղով կամ գդալով կարելի է թեթևակի խառնել՝ երկու կրեմների միաձուլումից գեղեցիկ նախշեր ստեղծելով։

Կաղապարները ծածկել կափարիչով կամ սննդային թաղանթով ու սառեցնել սառցախցիկում մի քանի ժամ, մինչև ամբողջությամբ լավ սառչի։

Մատուցելիս կաղապարները մի քանի վայրկյանով ընկղմել տաք ջրի մեջ ու զգուշությամբ հանել կրեմը։ Ձևավորել շոկոլադապատ թխվածքաբլիթներով։

Метки: , ,


Оставить отзыв