Հազարով և թավշածաղկով աղցան
Պարտեզում աճող ծաղիկներից շատերի օգտակարության և ուտելի լինելու մասին գիտեն քչերը։
Համեղ ու արտառոց, առողջարար և գեղեցիկ այս աղցանի բաղադրիչներց մեկն էլ՝ թավշածաղիկը, պատկանում է այդ ծաղիկների թվին և, անկասկած, ոչ բոլորն են համտեսել այն։

Հազարով և թավշածաղկով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝
հազարի տերևներ – 1 կապ
թավշածաղիկ – 3 – 4 ծաղկաբույլ
արևածաղկի մաքրած սերմ – 1 ճ․ գ․
կտավատի սերմ – 1 ճ․ գ․
բալզամիկ քացախ – 0,5 թ․ գ․
ձիթայուղ – 3 ճ․ գ․
աղ։
Հազարով և թավշածաղկով աղցանի պատրաստման եղանակն է․
հազարի տերևները լվանալ, չորացնել, ձեռքերով մասնատել ու տարածել մատուցման ափսեի մեջ։ Վրան ավելացնել արևածաղկի և կտավատի սերմերը, թավշածաղկի ծաղկաթերթիկները (հարկավոր է ընտրել ծաղկաբույլի կենտրոնին մոտ գտնվող մանր ծաղկաթերթերը, սակայն պետք է խուսափել սերմերից, քանի որ դրանք դառնահամ ու կծու են)։ Աղցանը համեմել աղով, ցողել բալզամիկ քացախով և ձիթայուղով ու անմիջապես մատուցել։