Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ > Հայատան

Հայատան

Իմ քաղցրանո՜ւն,

Իմ բարձրանո՜ւն,

Իմ տառապա’ծ,

Իմ փառապա’նծ:

Հների մեջ` դու ալեհեր,

Նորերի մեջ` նոր ու ջահել.

Դու` խաղողի խչմարված վազ,

Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.

Դու` բարդենի սաղարթաշատ,

Առուն ի վար փռված փշատ.

Դու` կիսավեր ամրոց ու բերդ,

Մագաղաթյա մատյանի թերթ.

Դու` Զվարթնոց-ավեր տաճար,

Կոմիտասյան ծիրանի ծառ.

Դու` ջրաղաց խորունկ ձորում,

Դու` հորովել անուշ ծորուն,

Փայլ գութանի արծաթ խոփի.

Դու` նե’տ, նիզա’կ, մկո’ւնդ կոպիտ,

Դու` հայրենի ծխանի ծուխ,

Դու` անգի’ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ…

Իմ փառապա’նծ,

Իմ տառապա’ծ,

Իմ բարձրանո՜ւն,

Իմ քաղցրանո՜ւն:

Դու մրգերի շտեմարան,

Ոսկեվազյան գինու մառան.

Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,

Արտաշատյան խաղող սևաչ.

Դու Սևանի վառվող կոհակ.

Երևանի սյուն ու խոյակ.

Դու` հանգրվան, կանչող փարոս,

Դու հայկական գերբ ու դրոշ.

Խոսուն վկա կոտորածի

Ու վճիտ աչք ցամքած լացի.

Արդարության ահեղ ատյան,

Սրի պատյան,

Սիրո մատյան –

Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան:

 ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Метки: , , ,


Оставить отзыв