Вы просматриваете: Главная > ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ, ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ > Հայկական անուններ

Հայկական անուններ

Հայն իր մանկանը կոչել է Ազատ,

Որ ազատ լինի հողը հարազատ։

Բայց հարձակվել են վայրենի մարդիկ,

Եվ նա զավակին կոչել է Մարտիկ։

Երկիրն է պղծել թշնամին հրեշ,

Եվ հայրը որդուն կոչել է Վրեժ։

Որպեսզի որդին կռվի տաքարյուն,

Հայրը ծնվածին կոչել է Կորյուն։

Նահատակնե՜ր են պետք եղել հերոս,

Եվ նոր անուն  է գտել՝ Մարտիրոս։

Որպեսզի երկիրն առնի հարություն,

Հայը կոչվել է նաև Հարություն։

Լավ լուրերի է սպասել հավետ,

Եվ իր մանչուկին ասել է Ավետ։

Որ ազգը կռվի և մնա սակայն,

Որդուն կոչել է նա Մնացական։

Հույսո՛վ է ապրել մթում խաբուսիկ

Եվ անվանել է իր որդուն Հուսիկ։

Այժմ հայն ունի բախտավոր մի կյանք

Եվ զավակներին անվանում է Հայկ․․․

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

Метки: , ,


Оставить отзыв