Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ > Հայոց լեզուն

Հայոց լեզուն

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,

Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-

Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,

Թե պիտ խոսես օտար լեզվով,

Խմես հայոց գինին նեկտար,

Կենաց կաչես օտար լեզվով,

Քաղես հայոց վարդերն ու հեզ

Աղջիկ կանչես օտար լեզվով։

Իրավ քանի լեզու գիտես՝

Այնքան մարդ ես՝ իրավն ասին,

Բայց, որ քո հայ լեզուն չունես,

Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,

Որ թողել ես քո մայրենին՝

Հարամ է քեզ հայոց գինին,

Հարամ է քեզ աղջիկն հայոց,

Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։

Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով

Քո ոտքերն էլ գրկե վարդով․․․

․․․ Ա˜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,

Հայոց վշտում դու մեղք չունես,

Հալալ է քեզ հողն հայրենի,

Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։

Քանզի հայոց վայ սփյուռքում

Պանդտությունն է դեռ պոկում։

Հայի բերանից հայոց լեզուն,

Օտարն հայոց մահն է ուզում․․․

Բայց նա է հայ, ով հովազի

Արնախում երախումն էլ

Իր մայրենի լեզվով խոսի,

Մոր կաթի հետ ծծած լեզվով,

Որ հայ գետը ծով ծնի, ծով,-

Ժխորում էլ Բաբելոնի

Խոսի լեզվով իր մայրենի

Հայոց լեզվով, որ միշտ ջահել,

Մեզ բյուր դարեր հայ է պահել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Метки: , ,


Оставить отзыв