Вы просматриваете: Главная > ԳՐԱԴԱՐԱՆ, ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ > Հանելուկներ բույսերի մասին

Հանելուկներ բույսերի մասին

Ես արևն եմ՝

Այգում թառած,

Բորբ արևի

Ոսկին առած։

ԱՐԵՎԱԾԱՂԻԿ

Ի՞նչն է ցրտին մերկանում,

Ամռան շոգին հագնվում։

ԾԱՌ

Ձմռան տոնին ցուրտ անտառից

Հյուր կգա մեզ ասեղով լի

Կանաչ հագած գեղեցկուհի․

Ո՞ր ծառն է դա, ո՞վ կասի։

ԵՂԵՎՆԻ

Ունի երկար նա վարսեր,

Ճոխ ոլորքներ ու դարսեր,

Հաճախ նոթերն է կիտում,

Անգամ թե տաս դու վառ սեր։

ԼԱՑՈՂ ՈՒՌԵՆԻ

Թաքնվում է խոտերում,

Անգամ անուշ հոտերում,

Քնքուշ բույրի անուշ ակ

Ու անունն է․․․

ՄԱՆՈՒՇԱԿ

Այն ո՞ր ծառը

Բարձր է փղից,

Իսկ պտուղը

Փոքր է ձվից։

ԿԱՂՆԻ

Դաշտի զարդն է՝

Գույնը ալ,

Ամեն այտին՝

Մի սև խալ։

ԿԱԿԱՉ

Նա մի հսկա է՝ ոտքերը հողում,

Իր բարիքներով է սրտեր ողողում,

Միշտ դիմանում է վայրի հողմերին,

Իսկ երբ հուզվում է, քամուց է դողում։

ԾԱՌ

Այն ի՞նչն է, ի՞նչը,

Հուրն՝ անուշ,

Ինքը՝ կարմիր,

Կոթը՝ փուշ։

ՎԱՐԴ

Ձյան սպիտակ օրորոցից,

Ինչպես մանուկն իր մոր ծոցից,

Ո՞ր ծաղիկն է մեզ հյուր գալիս,

Գարնան գալը իմաց տալիս։

ՁՆԾԱՂԻԿ

Ո՞ր ծաղիկն է կլորերես,

Օգտակար են սերմերը մեզ,

Շատ է սիրում արեգակին,

Միշտ նայում է նրա դեմքին։

ԱՐԵՎԱԾԱՂԻԿ

Անտառի տերը,

Անտառի արքան,

Նրան դարերը

Թվում են վայրկյան։

ԿԱՂՆԻ

Թեև նա չունի

Ատամ ու բերան,

Բայց քեզ կկծի,

Թե ձեռք տաս նրան։

ԵՂԻՆՋ

Դուք բոլորդ գիտեք նրան,

Ունի ճկուն, բարակ իրան,

Բնակվում է ճահիճներում

Ու մեզ համար սրինգ դառնում։

ԵՂԵԳՆ

Թեև ոչ մի ներկ

Չունի իր ձեռքում,

Բայց ամենուրեք

Կանաչ է ներկում։

ՄԱՄՈՒՌ

Աշխարհին գարնան

Ավետիս բերեց,

Թեկուզ ապրեց կարճ,

Բոլորին գերեց։

ՁՆԾԱՂԻԿ

Ի՞նչն է ջրում կյանք առնում,

Մետաքս ու թուղթ է դառնում,

Դառնում ընտիր դեղանյութ,

Ձկնիկներին լավ սնունդ։

ՋՐԻՄՈՒՌ

Վաղ գարունքին ճյուղին թառում,

Արեգակին աչք է հառում,

Ու մի օր էլ պայթում է նա

Ու պայթյունով նոր կյանք առնում։

ԲՈՂԲՈՋ

Մի օր մտա ես անտառ,

Առվի ափին տեսա ծառ,

Տխուր-տրտում սոսափում,

Ասես արցունք էր թափում։

ՈՒՌԵՆԻ

Կանաչ հյուսք է, կանաչ շառաչ

Հպարտ՝ անգամ ձմռան առաջ,

Ողջ տարին է դալար մնում,

Ցրտից անգամ չունի հառաչ։

ԵՂԵՎՆԻ

Գուշակի՛ր՝ ի՞նչ է․ փոքրիկ ու բարակ,

Գարնանն ենք նրան թողնում հողի տակ,

Երբ մեծանում է ու հասակ առնում,

Ե՛վ միրգ է տալիս, և՛ շվաք անում։

ԾԱՌ

Հագնում է նա կանաչ շորեր,

Լինի ամառ, թե ցուրտ ձմեռ,

Ո՞ր ծառն է մեծ շուքով այնպես

Տարեմուտին հյուր գալիս մեզ։

ԵՂԵՎՆԻ

Գլխարկը՝ կապույտ,

Շապիկը ՝կանաչ,

Մի փոքրիկ ծաղիկ՝

Ամենքիս ճանաչ։

ՄԱՆՈՒՇԱԿ

Ճեղքում եմ ես հող ու ձյուն

Եվ, առնելով ուժ ու բույր,

Բերում եմ ես նոր գարուն։

ՁՆԾԱՂԻԿ 

Ձեռքեր չունի,

Ծափ է տալիս,

Քամու երգին

Չափ է տալիս։

ԾԱՌ

Метки: , , , , ,


Оставить отзыв