Հավի փափկամիսը՝ տապակված բանջարեղեններով

Այս ուտեստի յուրաքանչյուր պատառ ներծծված է մյուս բաղադրիչների անզուգական համերով, որի արդյունքում դառնում է անկրկնելի։

Բանջարեղեններով տապակված հավի փափկամիս պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավի փափկամիս – 0,5 կգ

գազար – 1 հատ

բուլղարական պղպեղ – 2 հատ

կծու տաքդեղ՝ ըստ ճաշակի – 1 հատ

բրոկկոլի – 200 գ

սոխ – 1 գլուխ

կանաչ լոբի՝ թարմ կամ պահածոյացված – 100 – 150 գ

նեխուր – 1 – 2 ցողուն

համեմ – մի քանի ճյուղ

բուսայուղ

քունջութ

համեմի սերմ

բահար

չորացրած ուրց

կարմիր աղացած պղպեղ

աղ։

Բանջարեղեններով տապակված հավի փափկամսի պատրաստման եղանակն է․

միջին կրակի վրա դրված թավայի տաք բուսայուղի մեջ տապակել մոտ 3 x 3 սմ չափսով կտրտած հավի փափկամիսը մինչև ոսկեգունելը, ապա տեղափոխել ափսեի մեջ։

Նույն թավայի մեջ թեթևակի տապակել կտրտած սոխը, ապա ավելացնել կտրտած կծու տաքդեղն ու բուլղարական պղպեղը, գազարը, շերտատած նեխուրը և տապակել մի քանի րոպե։ Այնուհետև ավելացնել միջին չափսի ծաղկաբույլերի բաժանած բրոկկոլին, կտրտած կանաչ լոբին, տապակել 3 – 5 րոպե, որից հետո թավայի մեջ վերադարձնել մսակտորները, ծածկել կափարիչով ու այդ ամբողջը միասին տապակել մարմանդ կրակով մինչև պատրաստ լինելը։

Վերջում համեմել աղով, բահարով, կարմիր պղպեղով, համեմի սերմով և ուրցով։

Մատուցել տաք վիճակում՝ ձևավորելով կտրտած համեմով ու ցողելով քունջութի սերմերով և թավայում առաջացած թանձր հյութով։