Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ > Հին օրհնություն

Հին օրհնություն

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,

Իրենց հասակի կարգով, ծալպատակ,

Միասին բազմած,

Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում

Եվ ուրախանում

Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝

Գյուղի տերերը։

Հին օրհնություն, թուղթ, ջրաներկ, հեղինակ՝ Մարտիրոս Սարյան, 1923թ

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,

Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,

Ձեռքներըս խոնաարհ սըրտներիս դըրած,

Զի՛լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում-

Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,

Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,

Նըրա հետ վերցրին լիք բաժակները

Բոլոր մեծերը

Ու մեզ օրհեցին․- «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք․․․»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,

Զըվարթ երգերըս վըշտալի դարձան․

Ու ես հիշեցի մեր օրը լալիս,

Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին․ — «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք․․․»

Խաղաղությո՛ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,

Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։

Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝

Ձեր խոսքն ենք ասում․- «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք․․․»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Метки: , ,


Оставить отзыв