Вы просматриваете: Главная > ԱՊՈՒՐՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Հնդկաձավարի օմլետով ու բանջարեղեններով ապուր

Հնդկաձավարի օմլետով ու բանջարեղեններով ապուր

Շատերն են սիրում հնդկաձավարով պատրաստված փլավները, ապուրներն ու այլ ուտեստները, սակայն համոզված կարելի է ասել, որ հնդկաձավարի օմլետով ապուր համտեսել են շատ քչերը։

Հնդկաձավարի օմլետով ու բանջարեղեններով ապուր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

տավարի կամ հավի մսի արգանակ – 400 – 500 մլ

ջուր – 50 մլ

պրաս տեսակի կամ կանաչ սոխ – 50 – 80 գ

գազար – 100 գ

դդմիկ՝ թարմ կամ սառեցված – 100 գ

հնդկաձավար – 2 ճ․ գ․

կաթ – 2 ճ․ գ․

ձու – 2 հատ

բուսայուղ

համեմունքներ – ըստ ճաշակի

աղ։

Հնդկաձավարի օմլետով ու բանջարեղեններով ապուրի պատրաստման եղանակն է․

հնդկաձավարը ջրով եփել մինչև պատրաստ լինելը, հարել բլենդերով՝ դարձնելով համասեռ զանգված, ավելացնել կաթն ու ձուն, կրկին հարել և համեմել աղով։ Ստացված զանգվածը լցնել բուսայուղով պատած տաք մեծ թավայի մեջ ու օմլետ պատրաստել՝ տապակելով երկու կողմից։ Ցանկալի է, որ պատրաստի օմլետի հաստությունը չգերազանցի 2 մմ – ը։

Հովացած օմլետը կտրտել մինչև 0,5 սմ լայնությամբ  ու կամայական երկարությամբ երիզներով։

Պրաս տեսակի սոխը բարակ շերտատել, տաք բուսայուղով թեթևակի տապակել խոր թավայի կամ կաթսայի մեջ, ավելացնել խաշոր քերիչով քերած գազարն ու դդմիկը։ Մի քանի րոպե շոգեխաշելուց հետո, երբ գազարը փափկի ու գույնը փոխի, ավելացնել օմլետի կտորներն ու տաք արգանակը։

Եռացնել 1 – 2 րոպե, համեմել աղով ու համեմունքներով, վերցնել կրակից ու մատուցել տաք վիճակում։

Метки: , , , ,


Оставить отзыв