Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄԱՐԻՆԱԴՆԵՐ, ԹԹՈՒՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Հոնի մարինադ

Հոնի մարինադ

Հոնի պտուղների մարինադն իր տեսքով  ու համով շատ նման է ձիթապտղին՝ քաղցրաթթվաշային համային նրբերանգով։ Այն հիանալի համադրվում է պանրի տեսականու, մսամթերքի ու մսային ուտեստների, ձկնեղենի, բաջարեղենային ճաշալրացների, մակարոնեղենի ու բազմաթիվ այլ ուտեստների հետ։

Տարբերակ 1

Հոնի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հոն – 1,2 կգ

ջուր – 1 լ

քացախ – 4 – 5 ճ․ գ․

աղ – 1 ճ․ գ․

շաքարավազ – 2 ճ․ գ․

քերած մշկընկույզ – 1/5 թ․ գ․

դարչին – 0,5 թ․ գ․

սև հոտավետ պղպեղ – 5 հատիկ

դափնու կամ կաղնու տերև։

Հոնի մարինադի պատրաստման եղանակն է․

կաթսայի մեջ լցնել ջուրն ու քացախը, համեմել աղով, շաքարավազով ու մյուս համեմունքներով, եռացնել 1 – 2 րոպե ու վերցնել կրակից։

Սառնարանում պահելու համար նախատեսված տարայի մեջ լցնել մաքրած ու լվացած հոնը, ծածկել մարինադի լուծույթով, փակել կափարիչով ու թողնել՝ հովանա։

Հովանալուց հետո տեղադրել սառնարանում ու թողնել 2 – 3 օր՝ մարինացվելու համար։

Պատրաստի մարինադը կարելի է պահել սառնարանում մինչև 3 շաբաթ։

Տարբերակ 2

Հոնի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հոն – 1,5 կգ

սխտոր – 1 – 3 պճեղ

ջուր – 2,5 բաժակ

մեխակ – 15 – 20 հատ

դափնու տերև — 3 – 4 հատ

շաքարավազ – 2 բաժակ

քացախ – 100 մլ

աղ – 1,5 ճ․ գ․։

Հոնի մարինադի պատրաստման եղանակն է․

պոչիկները հեռացրած, լվացած ու ջրքամած հոնը ատամի փայտիկով ծակծկել, լցնել ապակե տարաների մեջ, յուրաքանչյուր տարայի մեջ ավելացնել դափնու տերևներ, սխտոր ու մեխակ։

Ջրով,աղով, շաքարավազով ու քացախով եփել մարինադի լուծույթ և լցնել տարաների մեջ՝ ամբողջությամբ ծածկելով հոնը, ծածկել կափարիչով ու պահել սառնարանում 2 — 4 օր՝ մարինացվելու նպատակով։ Պատրաստի մարինադը կարելի է պահել սառնարանում 10 – 12 օր։

Տարբերակ 3

Հոնի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հոն՝ կիսահասուն վիճակում – 1 կգ

ջուր – 1 լ

քացախ՝ 9 % — անոց – 6 – 8 ճ․ գ․

աղ – 2 ճ․ գ․

շաքարավազ – 4 ճ․ գ․

սամիթ – մի քանի ճյուղ

սև հոտավետ պղպեղ – 5 – 6 հատիկ

մեխակ – 6 – 8 հատ

դափնու տերև

ազնվամորու կամ հաղարջի տերև։

Հոնի մարինադի պատրաստման եղանակն է․

նախ և առաջ հարկավոր է հոնի՝ մաքրած ու լվացած պտուղները ցողել եռացող ջրով կամ 0,5 – 1 րոպեով ընկղմել եռացող ջրի մեջ, հանել ջրից ու անմիջապես ցողել սառը ջրով։ Այս ջերմամշակումը թույլ կտա պահպանել մարինացված հոնի ամբողջական տեսքը՝ առանց ճաքերի։

Ջրքամված հոնը խնամքով լցնել 0,5 լ տարողությամբ ապակե տարաների մեջ, յուրաքանչյուր տարայի մեջ ավելացնել մեխակ, սամիթի ճյուղ, երկուական ճաշի գդալ քացախ, ավելացնել աղով, շաքարավազով ու ջրով պատրաստված եռացող լուծույթը և ամուր փակել մետաղական կափարիչով։

Տարան շրջել բերանի մասը դեպի ներքև, փաթաթել ծածկոցով ու թողնել՝ հովանա, որից հետո պահել զով վայրում։

Метки: , ,


Оставить отзыв