Вы просматриваете: Главная > ԹԽՈՒԿՆԵՐ, ՋԵՌԵՓՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Ձուկը՝ դդումով ու գազարով

Ձուկը՝ դդումով ու գազարով

Այս անսովոր համադրությամբ ուտեստն, անկասկած, առողջարար է, յուրահատուկ համ ունի, գեղեցիկ տեսք ու անուշ բույր։

Տարբերակ 1

Դդումով ու գազարով ձուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձուկ՝ ցանկացած տեսակի – 600 — 700 գ

դդում – 150 գ

գազար – 150 գ

սոխ՝ խոշոր չափսի – 1 գլուխ

ալյուր – 2 ճ․ գ

մայոնեզ – 3 ճ․ գ

բուսայուղ – 50 մլ

աղ

աղացած սև պղպեղ

ձկան համեմունքներ – ըստ ճաշակի։

Դդումով ու գազարով ձկան պատրաստման եղանակն է․

մանր կտրտած սոխով ու մի քիչ բուսայուղով սոխառած պատրաստել ու ավելացնել խոշոր քերած գազարն ու դդումը։ Տապակել մինչև պատրաստ լինելը, ապա համեմել աղով ու սև պղպեղով։ Տապակված բանջարեղենը տեղափոխել ափսեի մեջ, իսկ թավայի մեջ լցնելով մնացած բուսայուղը՝ լավ տաքացնել և ուժեղ կրակով տապակել աղով ու համեմունքներով համեմված, ալյուրի մեջ թավալած ձկան կտորները, որպեսզի դրանք երկու կողմից էլ ստանան ոսկեգույն երանգ։ Տապակված կտորները շարել թղթե սրբիչի վրա՝ ավելորդ բուսայուղից ազատվելու նպատակով։

Ջեռոցի կաղապարի մեջ հնարավորինս կիպ դասավորել ձկան կտորները, վրան տարածել տապակած բանջարեղեններ շերտը ու պատել մայոնեզով (մայոնեզը կարելի է փոխարինել հունական յոգուրտով կամ թթվասերով, ինչպես նաև դրանց խառնուրդով)։

Ջեռեփուկը եփել նախապես 180°С տաքացրած ջեռոցում՝ մոտավորապես 20 րոպե՝ մինչև ոսկեգունելն ու պատրաստտ լինելը։

Մատուցել տաք վիճակում։

Տարբերակ 2

Դդումով ու գազարով ձուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձուկ՝ սիգ կամ իշխան – 400 գ

դդում – 350 գ

գազար – 90 գ

սոխ – 1 գլուխ

բուսայուղ – 15 մլ

աղ

աղացած սև պղպեղ։

Դդումով ու գազարով ձկան պատրաստման եղանակն է․

ջեռոցի կաղապարը պատել բուսայուղով ու, որպես առաջին շերտ, տարածել խոշոր քերիչով քերած դդումը, համեմել աղով ու սև պղպեղով։ Այնուհետև վրան շարել ձկան՝ ողնաշարից ու փշերից մաքրած կտորները, կրկին համեմել աղով ու սև պպղպեղով։

10 մլ բուսայուղի մեջ տապակել մանր կտրտած սոխն ու խոշոր քերիչով քերած գազարը, համեմել աղով ու սև պղպեղով։ Ապա տարածել ձկան կտորների վրա՝ ձևավորելով շերտ։

Կաղապարը ծածկել փայլաթիթեղով, ու եփել 180˚C տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե, ապա հեռացնել փայլաթիթեղը ու կրկին տեղավորել ջեռոցում՝ բարձրացնելով ջերմաստիճանը մինչև 220 – 240 ˚C ու եփել մինչև թեթևակի ոսկեգունելն ու պատրաստ լինելը։

Ջեռեփուկը մատուցել տաք վիճակում։

Метки: , , ,


Оставить отзыв