Ձվի զամբյուղ՝ գործվածքից «Հավիկ»
Զատկի տոնի նախապատրաստական փուլը գրավիչ ու հետաքրքիր է և՛ մեծերի, և՛ երեխաների համար: Այն ավելի հետաքրքիր են դարձնում ինքնաշեն զարդարանքներն ու խորհրդանիշերը:
Գործվածքից կարված այս զամբյուղը նախատեսված է 5 ձվի համար: Ստորև ներկայացվող չափսերը փոփոխելով՝ կարելի է կարել ցանկալի տարողության զամբյուղ:

Գործվածքից ձվի զամբյուղ «Հավիկ» կարելու համար անհրաժեշտ են՝
բամբակյա գործվածք՝ նախշազարդ (հիմնական) և միագույն (լրացուցիչ)
գործվածք սոսձային
սև և սպիտակ կտորտանք՝ աչքերի համար
սինտեպոն
թել
մկրատ
սոսնձային ատրճանակ
գծագրման թուղթ
ստվարաթուղթ
մատիտ:
Գործվածքից ձվի զամբյուղ «Հավիկ» կարելու պատրաստման եղանակ է.
գծագրել զամբյուղի մասնիկներն ըստ նկարի:

Մասնիկները տեղադրել փռված գործվածքի վրա, գծել և եզրագծերից 0.5 սմ հեռավորությամբ (դա կարաբաժնի չափն է) կտրել: Յուրաքանչյուր մասնիկից հարկ է կտրել որոշակի քանակությամբ՝
մարմին – 4 հատ՝ 2 հիմնական և 2 լրացուցիչ գործվածքներից
հիմք – 2 հատ՝ լրացուցիչ գործվածքից, ինչպես նաև 1 հատ ստվարաթղթից՝ առանց կարաբաժնի
կատար – 2 հատ՝ լրացուցիչ գործվածքից
կտուց – 1 հատ՝ լրացուցիչ գործվածքից
կլդիկ – 2 հատ՝ լրացուցիչ գործվածքից
շեղ ձևածքով շրջակտոր՝ հիմնական գործվածքից՝ 3.5 սմ լայնությամբ:

Բացի հիմքի և շրջակտորի ձևածքներից՝ մյուսները մշակել սոսնձային շերտով:

Կարել կատարի, կտուցի և կլդիկի դետալները: Կարված մասերում կարաբաժինը կտրել մինչև 0.3 սմ, շրջել, թեթևակի լցոնել սինտեպոնով և կարել:

Կարելով իրար միացնել նաև մարմնի հիմնական և լրացուցիչ դետալները՝ բացի հիմքի հատվածից: Շրջել և արդուկել:

Կիսամասերից մեկի վրա՝ լրացուցիչ գործվածքին, գաղտնակարել կատարը, կտուցն ու կլդիկը:

Այնուհետև գաղտնակարով իրար միացնել կիսամասերը նշված հատվածներում:

Լրացուցիչ գործվածքի հիմքի մասերը կարելով միացնել, իսկ հիմնական գործվածքի հիմքի կարաբաժինը նշել ժամանակավոր կարով:
Սև և սպիտակ կտորտանքներից աչքեր ձևել ու սոսնձային ատրճանակով սոսնձել:

Կարել հիմքն ըստ նկարի: Ապա մշակել եզրերը շրջակտորով:

Պատրաստի հիմքի եզրերից մոտ 2.5-3 սմ հեռավորությամբ ձվածիր գծել:

Պատրաստի հավիկի հիմքը նշված կարաբաժնով սոսնձային ատրճանակի օգնությամբ սոսնձել:
