Вы просматриваете: Главная > ԸՄՊԵԼԻՔՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՏԱՔ ԸՆՊԵԼԻՔՆԵՐ > Մանդարինով թեյ

Մանդարինով թեյ

Մանդարինի կեղևի եթերայուղերի շնորհիվ թեյը ձեռք է բերում անմոռանալի համային երանգներ, դառնում առավել օգտակար, անուշաբույր ու յուրահատուկ։

Մանդարինով թեյ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մանդարին – 1 հատ

սև թեյի չոր տերևներ – 10 – 15 գ։

Մադարինով թեյի պատրաստման և օգտագործման եղանակն է․

Միջին կամ մանր չափսի մանդարինը լվանալ և ցողել եռման ջրով։ Այնուհետև մանդարինի վերևի մասից մի շերտ կտրել՝ ձևավորելով ինքնատիպ կափարիչ։ Կտրված մասով հարավորինս խնամքով ու զգուշությամբ հեռացնել մանդարինի շերտերն այնպես, որ կեղևը մնա անվնաս ու ամբողջական։

Մանդարինի կեղևը լցոնել թեյի տերևներով, լավ սեղմել, փակել կեղևից կտրված կափարիչով ու չորացնել քամահարվող վայրում՝ արևի տակ, 4 – 5 օր։ Այդ ժամանակահատվածում թեյի տերևները կներծծեն մանդարինի կեղևի եթերայուղերը՝ ձեռք բերելով ցիտրուսներին բնորոշ համային երանգներ։

Երկարաժամկետ պահպանման համար հարկ է չորացման գործընթացում առավել ուշադիր լինել, որ այն լիարժեք չորանա՝ խոնավություն չպահելով նաև թեյի տերևներում, այլապես շատ արագ կսկսի փտել։

Մանդարինով թեյ եփելու համար չորացրած մանդարինը տեղադրել թեյնիկի մեջ, վրան եռացող ջուր լցնել, ծածկել տաք ծածկոցով ու թողել 3 – 5 րոպե, որից հետո թեյը լցել բաժակների մեջ ու մատուցել։ Ցանկության դեպքում թեյի մեջ կարելի է շաքար, մեղր կամ մանդարինի մուրաբա ավելացնել։

Метки: ,


Оставить отзыв