Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԵՐԱԺԻՇՏՆԵՐ, ԿՈՄԻՏԱՍ > Մեծերը Կոմիտասի մասին

Մեծերը Կոմիտասի մասին

…Եվ ինքը Կոմիտասն էլ կարծես երազի նման անցավ, նա էլ կարծես մի երազ էր, մի հեքիաթ, որ եղել է և չի եղել, որ կա և չկա: ՄԱՆՈՒԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Ամեն անգամ, երբ կատարում եմ նրա երգերը, մտքումս հառնում է նրա դաժան ու մռայլ ճակատագիրը: Կոմիտասով տարվել եմ դեռ շատ երիտասարդ տարիներիս և մեծ սիրով կատարել բոլոր համերգներում: Հետաքրքիր ու հուզիչ Կոմիտաս էր երգում հայրս: Շատ ու ամենուր երգել եմ Կոմիտասի անմահ «Կռունկը»:              Անսահմանորեն սիրում եմ Կոմիտաս և քանի դեռ երգում եմ, ես չեմ բաժանվի նրանից:    Կոմիտաս … սիրելի, անկրկնելի, մեծ Կոմիտաս: ՊԱՎԵԼ (ՊՈՂՈՍ) ԼԻՍԻՑՅԱՆ

Ամեն անգամ, որ Կոմիտասի ձայնագրած ու դաշնակած ժողովրդական երգերը լսում եմ, կենդանանում է իմ աչքի առաջ նա իր ոգևորությամբ. ես զգում եմ և գիտեմ՝ նրա կատարած գործը վաղանցիկ չի լինի և երկար, շատ երկար ժամանակ մեր բնիկ երաժշտական հնչյուններով սիրելի կդառնա շատ սերունդների։ ՄԱՆՈՒԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Անձնական նկարագիր․ միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը՝ դեղնավուն, աչքերը՝ արտահայտիչ և վառվռուն, գլուխը՝ ճաղատ, մորուքը՝ ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը՝ արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես… Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով՝ ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա՝ առանց ներքնակի և բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել:  ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ

Անսահման հպարտությամբ և ուրախությամբ եմ գիտակցում, որ իմ հայրենիքն աշխարհին տվել է այնպիսի հրաշալի մի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է:      Ստեղծագործական մեծ հուզմունքով եմ աշխատում Կոմիտասի ստեղծագործությունների վրա, դրանք ինձ հսկայական բավականություն են պատճառում: ԶԱՐՈՒՀԻ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Ասում են՝ Կոմիտասը հայկական Բախ է, Շուբերտ: Այդ բոլորը լավ է, դրանց մեջ ճշմարտություն կա, բայց Կոմիտասը Կոմիտաս է, միայն ու միայն Կոմիտաս: Չէ՞ որ մեծ արվեստագետները մեկը մյուսին կրկնել չեն կարող: Իսկ իմ Կոմիտասը ահա այնպիսին է, ինչպիսին կա, արդեն տեսնում եք: ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ

Ես զարմանում եմ, որ 25 տարի սրանից առաջ փոքրիկ Հայաստանը տվել է մի Կոմիտաս, որի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կառուցվածքի և արժեքի տեսակետից հազիվ կարելի կլիներ սպասել Ռուսաստանի խոշոր կենտրոններում ապրող նույն ժամանակի ամենահայտնի ռուս կոմպոզիտորներից: ՄԻԽԱՅԵԼ ԳՆԵՍԻՆ

Ես Կոմիտասին համարում եմ հայկական երաժշտության հավերժական խորհրդանիշ, իսկ նրա ստեղծագործությունը` մեծագույն օրինակ և աղբյուր, որից ներշնչանք կստանան հետագա հայ բոլոր կոմպոզիտորները: Ինձ հատկապես հոգեհարազատ է լակոնիկությունը, պարզությունը, պարկեշտությունը երաժշտության մեջ և երաժշտական միջոցների խնայումը։ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Երբ ես երգում եմ «Կռունկը» կամ «Ծիրանի ծառը», երբեմն այն զգացողությունն եմ ունենում, որ յուրաքանչյուր հնչյուն ու դարձվածք ձեռքիցս բռնած ինձ քաշում են ինչ-որ անմեկին ոլորտներ, հուզական խորխորատներ: Այդ պահին ապրում եմ մի վիճակ, որ հավանաբար պիտի դիդրոյական կշտամբանք ծներ. ես, իրավ, մոռանում եմ սրահը, մոտ եմ մոռանալու նույնիսկ ինքս ինձ, բայց երբեք՝ հնչյունների հորձանքի մեջ ապրող, փոթորկվող ու տոկացող մարդուն … Դրա համար էլ ինձ համար դժվար է պնդել, թե վերջնական ու անփոփոխ է այնքան ծափեր ստացած «Կռունկի», «Ծիրանի ծառի» ու շուրջ չորս տասնյակ անուններ հաշվող կոմիտասյան երգացանկիս մյուս գործերի մեկնաբանությունը:     

…Ճշմարտապես Կոմիտաս հասկանալու համար բացսիրտ ու լայնախոհ պիտի մոտենաս նրան, ուժով զսպես աչքերիդ մեջ ակամա կուտակվող արտասուքը, որ անմշուշ տեսնես, լսես ժողովրդիդ ու նրա զավակի` Կոմիտասի լուսավոր, հուզառատ հոգին: ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում: Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ։ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Կոմիտա՜սը…   

Եթե Հռիփսիմեի վանքը Հայաստանի, հայ ժողովրդի ոգու և էության քարակերտ պատկերն է, միջնադարյան մանրանկարչությունը` Հայաստանի գույնը, Սասնա Դավիթը` խոսքը, ապա նա` Կոմիտասը, Հայաստանի ձայն է — զուսպ, խոր, առնական, բայց փխրուն, տաք, կարոտած, լի հառաչանքով, այլև օրհնությամբ, արցունքով, այլև ժպիտով, թախիծով, այլև լույսով, անհուն, անսահման լույսով: Կոմիտասով այդ ձայնը լսելի է դառնում աշխարհին: ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Կոմիտաս մեծ եղաւ մեր մէջ իր ունեցած երկու հիմնական առաւելութիւններուն շնորհիւ: Ուրեմն նախ իր առանձնաշնորհեալ եւ ազնուական ճաշակը` ու յետոյ, իր ներդաշնակելու արուեստին պարզութիւնը: Ասոնց հիմնական ապացոյց` իր «պատարագ»-ը: ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ

Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացի և Նարեկացի, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:             

Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր… Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան: Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն:                  

Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ: Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում: Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»…: ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ 

Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…         

Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝  պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով… ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Կոմիտասը գույնի արտակարգ զգացողություն ունի … Կոմիտասը դարաշրջանի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն էր, որ առաջին անգամ իր` կոմպոզիտորի մտածողությունը հիմնեց գույնի օրինաչափության վրա: Տեսեք, ասում էր` Ձիգ տուո˜ւ, քաշի … Սա եվրոպական բնորոշ ոչ մի տակտի, ռիթմի մեջ չի տեղավորվի, անկարելի է: Ձայնը դառնում է օդ, ձայնը դառնում է լույս, որը չի ենթարկվում պուլսացիայի օրենքին։ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Կոմիտասը իր կյանքով, իր տիտանական ստեղծագործական աշխատանքով, մաքառումով և իր ճակատագրով, իմ պատկերացմամբ խորհրդանշում է հայ ժողովրդի պատմությունը, պայքարը, ճակատագիրը: Կոմիտասն իրեն ծնող ժողովրդի նման իր ստեղծագործական, լուսավորչական գաղափարները իրականացնելու համար մաքառել է անասելի ծանր ու դժվարին պայմաններում:          

… Կոմիտասն իր ստեղծագործությամμ, գիտական, տեսական հետազոտություններով շրջադարձային դեր խաղաց ազգային երաժշտական մշակույթի զարգացման գործում և միայն իրեն հատուկ հանճարով ու հեռատեսությամբ կանխորոշեց նրա առաջընթացի ուղիներն ու հեռանկարները: ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոմիտասը մեծ ժողովրդի մեծագույն կոմպոզիտորն է, մեր երաժշտության հոգևոր հայրը: Եվ ամեն մի հայ երաժիշտ պետք է խորն ուսումնասիրի Կոմիտասի երգը, որպեսզի չկտրվի մեր ժողովրդի երաժշտության ակունքներից։ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոմիտասը մեկն է այն երջանիկներից, որոնց բախտը զուգակցվում է ժողովրդին և դառնում նրա խորհրդանիշը:               

Շատ արվեստագետներ Կոմիտասի կերպարը ստեղծելիս առաջին պլան են քաշում 1915 թվականի դեպքերը և տեսնում Կոմիտասին խելակորույս, մոռանալով, որ այդ տարեթիվը մի դրվագ է նրա կյանքում և թերևս նրա տխուր վախճանը: … Սրբություն դարձած դեմքերի հետ արվեստագետը զգույշ պետք է վարվի: Եթե կա պատկերը, ապա նմանությունը պարտադիր է: Նա այսպիսին էր. շեշտիր կամ հարստացրու, խորացրու: ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը։ 

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:                 

Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին… ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ  

Կոմիտասը նման էր վարպետ քարտաշի մը: Դարերէ ի վեր հայ ժողովուրդը ապրեցաւ զուլումներուն տեսակները եւ իւրաքանչիւր փլուզման, անփոխարինելի արժէքներ կորսուեցան: Յաջորդաբար ինկան մեր մշակոյթին ոգեղէն սիւները: Բարեբախտաբար քանի մը երաժիշտներ եկան եւ դուրս բերին մեր գոհար երգերը փլատակներուն տակէն, մաքրելով զանոնք փոշիներէ` ըստ իրենց ճաշակին: Այդ նուիրեալներուն մէջէն ամէնէն վաւերական, երաժշտական մեծ հմտութեամբ պատրաստուած օժտեալ դէմքը Կոմիտասն էր: Այո՛, քարտաշ մը: … Իրմէ զատ ոչ ոք այդ հանճարային բոցով պիտի կարենար նոյնքան բարձրարժէք կատարելութեամբ մտատեսուածը իրագործել: ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ

Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր: Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր: Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում: Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով: Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ: ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ 

Կոմիտասը ստեղծագործող էր նախ և առաջ: Կոմիտասի երգերը ստեղծագործություններ էին իրենց հյութալից, կառուցիկ և միաժամանակ հարազատ պոլիֆոնիայով:
Այդ պոլիֆոնիան չունի իր նախորդը, չունի իր տրադիցիան, դա
հիմնովին Կոմիտասի սեփական ստեղծագործությունն է: Դա նրա մեծ երախտիքն է հայ երաժշտության զարգացման գործում:   ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Կոմիտասը, իհարկե, ինչպես բոլոր հանճարները, կոնկրետ մարդ է եղել, բայց թե ի՞նչ կոնկրետ: Եթե շատ կոնկրետ լիներ, էլ ի՞նչ Կոմիտաս: Նա իր մեջ կրել է բնությունը: Դա մեր հողն է, հողի համը, ջուրը, սարերի օդը, էլ ինչ ասեմ: Նա այդ բոլորը բյուրեղացնում է երգով: Իհարկե, այստեղ կարևորը խոսքերը չեն: Կարևորը հենց երգն է, նրա երգի նոտաների մեջ հենց այդ հողը, ջուրը զգում ես: … Ինձ թվում է՝ Կոմիտասը շատ ուժեղ է զգացել բնությունը, հողը, և նա բնության երգն է ստեղծել, ոչ թե` ինչպես ասում են իր կոնկրետ, անձնական երգը: Եթե այդպես լիներ, Կոմիտասը քիչ բան արած կլիներ: Հանճարն էլ հենց էդ է էլի: Երկրի շունչը դարերով, ժամանակներով է կուտակվում մարդու մեջ: Կոմիտասը այդ շնչով մարմնացած էակ է, և նրա ուժը դրա մեջ է, այստեղից պետք է հասկանալ նրան: ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Կոմիտասը ցույց տվեց հայ աշխատավոր ժողովրդի հանճարը, նրա հոգեկան հարստության անսպառ գանձերը, նրա երաժշտական «ճարտարապետությունը», երաժշտական «մանրանկարչությունը», երաժշտական «տաղերգությունը», նրա երաժշտական «էպոսը»…:։։…Նա հպարտություն տվեց հայ ժողովրդական մեծ արվեստին: Նա է հիմնադիրը ազգային երաժշտության կուլտուրայի և հմուտ ուղեցույցը:  ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել խորհրդանիշ: Եվ ահա, նկատի ունենալով այն հայտնի իրավիճակը, որի մեջ է գտնվում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, մենք պարտավոր ենք ասելու նաև, որ հիմա, տվյալ իրական ու տիրական հանգամանքներում մայր հայրենիքի շուրջ համախմբվելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում Կոմիտասի գործը վիթխարի է: Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի “սահմանապահ”, որով անցնելու համար չի պահանջվում ոչ մի “վիզա”, ոչ մի կողմից և ոչ ոքի կողմից:
Այս է Կոմիտասի առաքելությունն այսօր: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Կոմիտասն աննյութեղեն ու հազարագույն մի էություն-տաճար է. նրա դռանը մոտենալու համարձակություն և իրավունք կարող են ունենալ նրանք, ովքեր ժողովրդի մեծ արվեստի նկատմամբ ունեն երկյուղածություն և սրբազան դող: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

Կոմիտասն ինքը հայ ժողովուրդն է: Մեղվի պես նա տուն էր բերում մեր գեղջուկ երգերի նեկտարն ու անշոշափելի մանանան: Կարո՞ղ է մեղուն թղթե ծաղիկներից մեղր բերել, իհարկե՝ ոչ: Հայ ժողովրդի բազմադարյան երգերը թղթե վարդեր չէին, այլ իրական, և Կոմիտասը իր հանճարով ոսկե մեղվի նման հանդիպեց նրանց: Իր հանճարեղ ոգու հնոցում ձուլեց հայ մեղեդու նախանյութը, հանքանյութը և դուրս բերեց այնպիսի քնքշություններ, երաժշտական ձևերի և խոսքի այնպիսի հույզ ու թարմություն, որոնք հուզեցին ոչ միայն իրեն` հայ ժողովրդին, այլև համաշխարհային երաժշտական աշխարհում աղոթքի արժանացավ Կոմիտասի անունով հայ ժողովրդի անունը։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան։ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

Հայ ժողովրդական երգը հանձինս Կոմիտասի գտել է իր ամենացայտուն վարպետին: Նա ուսանելի է շատ տեսակետներից: Եվ հայ երաժշտության զարգացմանը նախանձախնդիր ամեն ոք նախ պետք է լիովին ուսումնասիրի և հասկանա Կոմիտասին և ապա միայն սկսի ստեղծագործել: ՖՈՄԱ ՀԱՐՏՄԱՆ

Հսկայական է նրա ծառայությունները հայ երաժշտության մեջ:            

Նրա գեղեցիկ գործերը դուրս եկան հարազատ Հայաստանի սահմաններից, դարձան համաշխարհային երաժշտական մշակույթի հպարտությունը:                      

Կոմիտասը միայն մեծ կոմպոզիտոր չէ… Նա նաև անվանի երաժշտագետ է, հիանալի ազգագրագետ, այս բնագավառում շատ մեծ են նրա ծառայությունները:                

… Հայ կոմպոզիտորները իրենց ստեղծագործությունների մեջ հետևում են և կհետևեն կոմիտասյան հիանալի ավանդույթներին: ԴՄԻՏՐԻ ՇՈՍՏԱԿՈՎԻՉ

Նա առաջինը կարողացավ գտնել հայ երաժշտության նկարագրին միանգամայն հարմար դաշնակումը, որն այնուհետև հայտնվում է մեզ գերազանց քաղցրությամբ ու լիաբուխ փափկությամբ` հավասարապես երևան բերելով որոշ բանաստեղծական և հայեցող բնություն, որ նրա գեղեցկագույն զարդերից մեկն է: ՖՐԵԴԵՐԻԿ ՄԱԿԼԵՐ

Метки: ,


Оставить отзыв