Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ > Մեծերը Հովհաննես Թումանյանի մասին

Մեծերը Հովհաննես Թումանյանի մասին

Մեր թռիչքը Թումանյանի արվեստի գոհարակերտ բարձրունքներից այն կողմ չի անցել: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը», իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների կարգը չդասել։ ԿՈՌՆԵՅ ՉՈՒԿՈՎՍԿԻ

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:   ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Մեր նորահաս բանաստեղծների մեջ Հովհաննես Թումանյանը միշտ բարձր է ամենքից էլ և ունի փայլուն ապագա․․․ նա ունի բարձրաթռիչք երևակայություն, ճոխ և սահուն լեզու, խորաթափանց զննողություն և այն բոլոր հոգեբանական առանձնահատկությունները, որոնք պետք են մի ապագա ինքնուրույն բանաստեղծի տաղանդն ու հանճարը բնորոշելու համար։ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ՝ իր տոհմիկ երգերով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ։ Եվ ինչպես ստեղծող բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Մեր էությունը լի է Թումանյանով, նրա ոգով ու շնչով, թումանյանական խոր թախիծով ու պայծառ ծիծաղով։ ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ

Նրան կկարդան երկար տարիներ։ Ապագա սերունդները նրան կսիրեն շատ ժամանակ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ

Թումանյանը հայության կյանքի բազմակողմանի ընդգրկումով, նրա հուզական աշխարհի և ոգու նկարագիրներով, հարազատ, պարզ ու վսեմ արվեստով հանդիսանում է մեր ազգային մեծ երգիչը, մեր մեծ բանաստեղծը: ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

Այո′, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով, Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ» … ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանն ստեղծել է իր սեփական երկերը մեր պոեզիայի մեջ։ Նա արդեն վարպետ է ամեն կողմից, մեծ գեղարվեստագետ և ժողովրդական հոգու իմաստուն ու վսեմ թարգման։ Նա կանգնած է իր հստակ ճանապարհի վրա, որ լի է գեղարվեստական հրաշալիքներով:                            

Այսօր Թումանյանն իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համավի: ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և՛ ներկայինն է, և՛ գալիքինը: ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

Ի՜նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի՜ նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:
Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ: ՊԱՎԼՈ ՏԻՉԻՆԱ

Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով: Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով… Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ`ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից և′ Դվալը, և′ Լալվարը, և`ուրիշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած… ԼԵՈ

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք: Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկն այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը: ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Թումանյանը կենտրոնական դեմք էր Թիֆլիսի մտավորական շրջաններում, նրա մոտ լինում էին զանազան ուղղություններ և քաղաքական համոզմունքների տեր մարդիկ. նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները: Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև: ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ

Բանաստեղծների մեր խումբը սերտ կապված էր հանգուցյալ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, որը շատ է աշխատել հայ և վրացի ժողովուրդների կուլտուրական մերձեցման համար: Այդ տեսակետից նրան պետք է համարել ռահվիրա: ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ 

Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
Վրաստանում Հովհաննես Թումանյանն ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանվում են, երգվում: ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ

Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական… Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է`հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ: ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Թումանյանը մեր մշակույթի, մեր մտավոր խոյանքների, մեր սլացումների ու թռիչքների ամենաբարձր, ամենաերկնամերձ կատարն է։ ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ

Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնպես էլ բարձր է Հովհաննես Թումանյանի բարոյական դեմքը։ Ինչպես խորն են Հայաստանի լճերը, այնպես էլ խորն են Թումանյանի մտքերը։ ՊԱՎԼՈ ՏԻՉԻՆԱ

Թումանյանի պոեզիան Հայաստանն ինքն է՝ հնադարյան և նոր, հարություն առած և բանաստեղծությամբ արտահայտված՝ մեծ վարպետի ձեռքով։ ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Թումանյանը հենց նա է, ում հետ ենք մենք ամենքս՝ կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ։ Հետն ենք ամբողջ կյանքներումս՝ տակավին գրաճանաչ չդարձած և մինչև մահվան մահիճ։ Հետն ենք առավել, քան որևէ մեկ այլ գրողի։ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ  

Հովհաննես Թումանյանը ամենահայկական, ամենազգային գրողն է, խտացումը հայ ժողովրդի աշխարհայացքի, աշխարհզգացման. նրան կարդում են Հայաստանում ծերերն ու մանուկները, մեծերն ու դպրոցականները։ Օտար երկրներում հայ մարդը երկյուղածությամբ կարդում է նրան՝ հաղորդվելու համար հեռավոր, քաղցր հայրենիքի հետ, …հայրենիքի կարոտն առնելու։     

Ազգերի եղբայրացման ոսկե օղակն էր նա կովկասյան ժողովուրդների միջև… ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ    

Թումանյան… նաիրյան խոսքի նահապետ, կախարդ, հրաշք, անկրկնելի հանճար, զարմանալի զարմանք: ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Թումանյանը մեր այն միակ բանաստեղծն է, որ գրել է համարյա թե գրական բոլոր ժանրերով ու տեսակներով, ըստ որում ոչ թե սոսկ գրելու փաստով, այլ այն իրողությամբ, որ ամենուրեք հանդես է եկել իբրև դասական, իբրև օրինակելի, իբրև չափանիշ։ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Ես չեմ կասկածում, որ հայ բանաստեղծության կաճառի ամենաբարձր դեմքը Հովհաննեսն է, որ այնպես լավ ճանաչում էր հայ գյուղը, իր գեղեցիկ քնարի մեջ նոր հնչյուններ կգտներ երգելու համար այն բոլոր նորը, որ առաջ է եկել… հայ աշխատավորության կյանքում։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թումանյանի ճակատին էր գրված՝ լինել հայ ժողովրդի ետմիջնադարյան պատմության կենսագիրը: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ուԿատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները: ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ  ոչ միայն գրչով, այլև իր անձով, իրկյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր: Բայց ոչ արդի սերունդը, ոչ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին: ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

Հովհաննես Թումանյանը մեկն էր այն երջանիկներից, որոնց հոգեկան հմայքը, տաղանդի պարզությունը այնքան էր զորավոր, որ ճեղքում էր ամեն մի արգելք ու պատնեշ, հասնում էր ուրիշ սրտերի խորքը, դառնում էր հանուր ու մարդկային։ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը`գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում` լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները… Այժմ` նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ: ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Օհաննեսը կենտրոնաձիգ անձնավորություն էր՝ հյուրասեր, մարդամոտ։ Զրույցի համար հոգի էր տալիս։ Օրվա որ ժամին գնայիր նրա մոտ, ձեռքի գործը կթողներ և, ժպիտը դեմքին, կնստեր զրույցի… ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ 

Թումանյանը ժողովրդական հանճարի փայլատակում է։ Ծնվելով հողից, ունենալով լեռնցու մեծ սիրտ ու պայծառ երևակայություն՝ նա իր ստեղծագործության մեջ խտացրեց իր ժողովրդի ազգային նկարագիրը, նրա ճակատագիրն ու պատմական գոյատևման վիթխարի ուժը։ Նա ի տես աշխարհի բարձրացրեց մեր ժողովրդի համամարդկային ոգին, բարի սիրտը, անմար, հեթանոս հավատը բնության նկատմամբ: ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանը դարագլուխ է մեր գրական կուլտուրաի պատմության մեջ։ Նա բարձրացնում է մեր կուլտուրայի արժեքը, բարձրացնում է նրա տեսակարար կշիռը։ Նա պատկանում է իր ժողովրդին, որին ծառայեց նա իր գրչով ու խոսքով…ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Ընթերցելով Թումանյանի երկերը՝ մեր ժողովուրդը նրանց մեջ գտավ իր սեփական հույզերի և մտքերի ամենահարազատ վերարտադրումը։ Նրա ստեղծագործության միջոցով ժողովուրդը ինքը ճանաչեց իրեն և սիրեց Թումանյանին անմահական սիրով: ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Թումանյանի պոեմներից առաջացած հիացմունքից չեմ կարողանում ազատվել. փափագում եմ ինչքան կարելի է շուտ սկսել Թմկաբերդի իշխանուհու մասին օպերան: ԱԼԵՔՍՔՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

Թումանյանի բոլոր երկերը տոգորված են իսկական դեմոկրատիզմով, ջերմ համակրանքով դեպի աշխատավորները։ Նրա պոեզիան գեղեցիկ է, պարզ, հանրամատչելի ու մտերիմ: ՎԱԼԵՐԻ ԿԻՐՊՈՏԻՆ

Եթե մի օր աշխարհի բոլոր ժողովուրդների բանաստեղծությունների ցուցահանդես լինի, հայ ժողովուրդը ուրիշ ոչ ոքի չի կարող ուղարկել, բացի Թումանյանից՝ իբր օրինակ զտարյուն հայ բանաստեղծի, այնպես, ինչպես Ռուսաստանը ներկայացնողը կարող է լինել միմիայն Պուշկինը: ՍՏԵԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանը այն կախարդն է, այն Այվազովսկին, որ վրձինը ձեռքին գոչում է տարերքին և հնազանդեցնում իրեն։ ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հովհաննես Թումանյան, բանաստեղծ՝ առանց որակումների: Ածականը այստեղ կարող է նսեմացնել, այլ ոչ թե բարձրացնել… Ազգային քանքար իր ողջ էությամբ: Հովհ. Թումանյանը գերազանցապես ժողովրդական բանաստեղծ է: ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐ

Թումանյանով մենք կանք: Առանց Թումանյանի մենք չկանք… Այդպես միայն զորավար արքաներն են լինում… Իր կատարելությունը կատարյալ դառնալու կարիք չի զգում… Նա իր ժողովրդի կատարելության խորհրդանիշն է: ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 

Ան (Թումանյան) անհամեմատ բարձր է իր ժամանակէն ու անոր մէջէն կու գան մեզի խօսելու կարգ մը ձայներ, անոնցմէ, որոնք վարէն, շատ խորերէն կու գան երբեմն:
Իր ամբողջ գործին նկարագիրն է ազնուական բարութիւն մը, մաքուր՝ մեր ցեղին հոգիին նման: ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ

Հովհաննես Թումանյան՝ հոյակապ կոթողը մեր գրականության, ցեղի արգանդից ծնված հանճար, մանուկ հոգվով, հոգով սուրբ, այն ամուր, շքեղ սյունը, որին ապահով կռթնած է հայ գրականության գեղեցիկ, հոյակապ շենքը… ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

Այդ օրը՝ Փետրվարի 19-ը, պետք է որ տոն եղած լիներ, եթե տակավին ոչ բոլոր մարդկանց, ապա բնության համար. չէ՞ որ նա գիտեր, թե ով է ծնվել… Հովհաննես Թումանյանն իր ամբողջ երգով, իր ողջ գործով քարոզել է համամարդկային գաղափարների առաջնությունը ազգայինի հանդեպ: ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿԻ

Ժողովրդի ձայնը կրկին լսվում և երևում է նրա ստեղծագործության մեջ: Նրա փայլուն բանաստեղծությունների մեջ հանդես է գալիս ինքը՝ հայ ժողովուրդը՝ իր հույզերով և իմաստությամբ: Թումանյանը մի վեպ է, ազգային էպոպեա: ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Ես իմ ողջ էությամբ ապրում եմ մարդկային կյանքից ավելի մեծ կյանքով, հենց էնպես, ինձ համար, և անընդունակ եմ որևէ վանդակի մեջ փակվելու, էն տեսակ երգեր երգելու,որ ձեզ դուր գամ։  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Метки: ,


Оставить отзыв