Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՌՈՒԼԵՏՆԵՐ, ԳԼԱՆԱԿՆԵՐ > Մսային ռուլետ՝ գազարով ու խնձորով

Մսային ռուլետ՝ գազարով ու խնձորով

Այս գեղեցիկ, ախորժելի ու հագեցնող ռուլետը մսամթերքի, բանջարեղենի ու մրգի համադրության հիանալի օրինակ է։

Գազարով ու խնձորով մսային ռուլետ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խոզի փափկամիս – 700 գ

խնձոր՝ միջին կամ փոքր չափսի – 2 — 3 հատ

գազար – 1 հատ

հազրեվարդ – մի քանի ճյուղիկ

ծիտրոն — մի քանի ճյուղիկ

սև աղացած պղպեղ

աղ։

Գազարով ու խնձորով մսային ռուլետի պատրաստման եղանակն է․

խոզի փափկամիսը մկանաթելերին ուղղահայաց կտրել սուր դանակով, մինչև մսակտորի եզրից մնա մոտ 2 սմ, ապա բաժանել 1,5 – 2 սմ հաստությամբ շերտերի՝ պահպանելով մսակտորի ամբողջականությունը։ Եթե մսակտորը հաստ է, կարելի է բաժանել 3 շերտի՝ շերտատելով նախ աջից ձախ, ապա ձախից աջ։

Շերտատման արդյունքում ստացված երկար ուղղանկյուն մսակտորը դնել խոհանոցային տախտակի վրա, ծածկել սննդային թաղանթով ու խոհանոցային մուրճով կամ գրտնակով  թակել մինչև ստացվի հարթ ու փափուկ միս։

Միսը համեմել աղով ու սև պղպեղով և թողնել 15 – 20 րոպե՝ համեմվի։

Գլանաձև հատուկ հարմարանքի օգնությամբ հեռացնել խնձորների  և գազարի միջուկները։

Գազարից ստացված գլանակները տեղադրել խնձորների մեջ ու շարել մսի շերտի մի եզրին, ապա փաթաթել։ Եթե մսի վրա առկա է ճարպի բարակ շերտ, ապա ցանկալի է, որ փաթաթելուց հետո այն լինի ռուլետի վերին մակերևույթին։

Ռուլետի վրա շարել ծիտրոնի ու հազրեվարդի ճյուղիկները, ամուր կապել որևէ թելով, ապա փաթաթել փայլաթիթեղով ու 1 – 1,5 ժամով տեղափոխել 180˚C տաքացված ջեռոց։

Նշված ժամանակը լրանալուն պես հեռացնել փայլաթիթեղի վերին հատվածը, արտազատված հյութը ցողել ռուլետի մակերեսին ու կրկին տեղադրել ջեռոցում մինչև վարդագունելն ու պատրաստ լինելը։

Պատրաստի ռուլետը  տեղադրել ցանցի վրա, որպեսզի արտազատված ավելորդ հյութը քամվի։ Թողնել՝ հովանա, ապա հեռացնել թելը, շերտատել բարակ շերտերով ու մատուցել որպես խորտիկ։

Метки: , , , ,

Обсуждение закрыто.