Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՌՈՒԼԵՏՆԵՐ, ԳԼԱՆԱԿՆԵՐ > Մրգային լավաշով ռուլետ՝ կոմպոտի մնացած հատիկներից

Մրգային լավաշով ռուլետ՝ կոմպոտի մնացած հատիկներից

Շատերը հաճույքով վայելում են կոմպոտի հյութը, իսկ հատիկները նետում աղբաման։ Առաջարկվող բաղադրատոմսը այդ հատիկները չթափելու ու նորովի կիրառելու տարբերակներից մեկն է։

Կոմպոտի մնացած հատիկներից մրգային լավաշով ռուլետ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կոմպոտի հատիկներ – 0,5 կգ

ընկույզ – 100 —  150 գ

մեղր կամ օշարակ – ըստ ցանկության։

Կոմպոտի մնացած հատիկներից մրգային լավաշով ռուլետի պատրաստման եղանակն է․

կոմպոտի հատիկները լավ հյութաքամել, կեղևը (խնձորի, տանձի կոմպոտների դեպքում)  և կորիզները (սալորի, բալի ու նմանատիպ այլ կոմպոտների դեպքում) հեռացնել, լցնել բլենդերի մեջ ու հարելով դարձնել համասեռ զանգված։ Կարելի է համատեղել տարբեր մրգային կոմպոտների հատիկներ։

Ստացված խյուսի քաղցրության պակասի դեպքում կարելի է ավելացնել նախընտրելի քանակությամբ մեղր կամ եփած հովացրած օշարակ ու լավ խառնել։

Լավաշի պատրաստման ու չորացման համար նախատեսված մակերեսը թեթևակի պատել բուսայուղով ու 3 – 5 մմ հաստությամբ տարածել մրգային խյուսը։

Լավաշը կարելի է չորացնել չրի պատրաստման համար նախատեսված սարքի մեջ՝ 10 – 12 ժամվա ընթացքում։ Կարելի է չորացնել նաև ջեռուցման սարքերին հնարավորինս մոտ դնելով կամ 40 – 60 ˚C տաքացված ջեռոցում՝ դռնակը որոշակի չափով բաց թողնելով։

Լավաշը համարվում է պատրաստ, երբ արդեն չի կպչում ձեռքերից, ունի չոր մակերես ու հեշտությամբ պոկվում է փռված մակերեսից։

Արդեն չոր լավաշի վրա վրձնով մեղր կամ  օշարակ քսել, համաչափ տարածել բլենդերով մանրացված ընկույզը և հնարավորինս կիպ փաթաթել։

Ռուլետը փաթաթել սննդային թաղանթով ու տեղափոխել սառնարան՝ թողնելով այնտեղ 10 – 12 ժամ, որից հետո հեռացնել սննդային թաղանթն ու կտրտել։

Մրգային լավաշով ռուլետը խորհուրդ է տրվում պահել սառնարանում կամ այլ սառը վայրում՝ ամուր փակվող չոր տարայի մեջ։ Խորհուրդ չի տրվում պահել պոլիէթիլենային տոպրակում, քանի որ կարող է խոնավանալ։

Метки: , , , ,


Оставить отзыв