Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ > Նարնջահամ շաքարավազ

Նարնջահամ շաքարավազ

Այս շաքարավազն ունի ընդգծված ու հաճելի նարնջի հոտ, համ և գեղեցիկ նարնջագույն երանգավորում։ Այն հիանալի համեմունք է խմորեղենի, ըմպելիքների, աղանդերների, կաթնային շիլաների  համար, ինչպես նաև գեղեցիկ տարբերակ խմորեղենների ձևավորման համար։ Նարնջահամ շաքարավազի հաղորդած նրբահամությունն արդեն սովորական դարձած համերը կդարձնի անկրկնելի։

Այս սկզբունքով կարելի է պատրաստել այլ մրգերով ու հատապտուղներով համեմված շաքարարավազ ևս ու կիրառել ըստ նշանակության։

Տարբերակ 1

Նարնջահամ շաքարավազ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

նարինջ – 2 հատ

ջուր – 1 ճ․ գ

շաքարավազ – 250 գ։

Նարնջահամ շաքարավազի պատրաստման եղանակն է․

մանր քերիչով քերել նարինջների կեղևի նարնջագույն շերտը ։

Տարրայի մեջ լցնել շաքարավազը, ցիտրուսակեղևը և ջուրը (եթե ցիտրուսակեղևը հյութալի է, ապա ջրի կարիք չկա), գդալով կամ հարիչով (հնարավորինս դանդաղ) խառնել այնքան, որ ստացվի համասեռ զանգված։ Զանգվածը փռել սկուտեղի վրա և դնել չորանալու՝ ժամանակ առ ժամանակ խառնելով, որպեսզի չորանալիս չքարանա։ Եթե կան քարացած մասնիկներ, ապա դրանք կարելի է մանրացնել՝ հարելով հարիչով կամ բլենդերով։

Նարնջահամ շաքարավազն անհրաժեշտ է պահել չոր ու ամուր փակվող տարրայում։ Պիանելիության ժամկետը մի քանի շաբաթ է։

Տարբերակ 2

Նարնջահամ շաքարավազ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

նարինջ – 1 հատ

շաքարավազ – 150 գ։

Նարնջահամ շաքարավազի պատրաստման եղանակն է․

լվացած նարինջը մի քանի վայրկյանով ընկղմել եռացող ջրի մեջ։ Հանել, չորացնել ու մանր քերիչով քերել կեղևի նարնջագույն շերտը, իսկ նարնջից քամել 1 — 2 թ․գ հյութ։

Բլենդերով իրար խառնել նարնջի ցիտրուսակեղևը, շաքարավազն ու նարնջի հյութը՝ հարելով այնքան, մինչև զանգվածը դառնա համասեռ ու ձեռք բերի նարնջագույն երանգ։

Ջեռոցի տապակը ծածկել յուղաթուղթով, զանգվածը բարակ շերտով փռել վրան ու չորացնել 80 — 100˚C տաքացրած ջեռոցում՝ 20 – 30 րոպե՝ մերթ ընդ մերթ խառնելով։

Ջեռոցից հանելուց հետո, ըստ ցանկության, կարելի է մի քիչ դարչին կամ քրքում ավելացնել՝ յուրահատուկ հագեցած համ ու գեղեցիկ գունային երանգ հաղորդելու նպատակով։

Նարնջահամ շաքարավազը, լիովին հովանալուց հետո, լցնել ամուր փակվող տարրայի մեջ և պահել չոր ու զով վայրում։

Метки: , ,


Оставить отзыв