Պաղպաղակ «Սեմիֆրեդո»՝ ազնվամորով, ընկույզով և շոկոլադով
Սեմիֆրեդոն իտալական պաղպաղակի տեսակ է, որի մեջ պատրաստման ընթացքում ավելացնում են տարբեր հավելումներ՝ պտուղներ, ընդեղեն, շոկոլադ և այլն։

Ազնվամորով, ընկույզով և շոկոլադով սեմիֆրեդո պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ձու – 4 հատ
սերուցք՝ 33 -38 % յուղայնությամբ – 400 մլ
շաքարավազ – 150 գ
վանիլ
ազնվամորի՝ թարմ կամ սառեցված – 100 գ
շոկոլադ – 50 գ
ընկույզ – 50 գ։
Ազնվամորով, ընկույզով և շոկոլադով պաղպաղակի պատրաստման եղանակն է․
ձվի դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից՝ վերջիններս տեղավորելով սառնարանում։
Ձվի դեղնուցները հարել 50 գ շաքարավազով այնքան, որ լավ սպիտակի, ապա ավելացնել վանիլն ու կրկին խառնել։
Ձվի սպիտակուցները հանել սառնարանից, հարել 50 գ շաքարավազով՝ դարձնելով պինդ բեզե։
Հարած դեղնուցի վրա փոքր չափաբաժիններով և անընդհատ խառնելով ավելացնել մնացած 50 գ շաքարավազով լավ հարած սերուցքը, ապա նաև՝ սպիտակուցը։
Այնուհետև ավելացնել ազնվամորին, մանրացրած ընկույզն ու քերած շոկոլադը։ Ստացված զանգվածն զգուշությամբ խառնել և լցնել նախատեսված տարրայի մեջ։

Տեղադրել սառցախցիկում, թողնել 3 -5 ժամ՝ մերթընդմերթ գդալով խառնելով, որպեսզի սառչելու ընթացքում հավելումները չլինեն միայն պաղպաղակի ներքևի մասում, ինչպես նաև զանգվածի մեջ չառաջանան բյուրեղիկներ։ Երբ զանգվածը լավ սառչի, հարթեցնել ու այլևս չխառնել։
Մատուցելիս ձևավորել ընկույզով, հատապտղով և շոկոլադով։
