Вы просматриваете: Главная > ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ > Սոճու ծաղկափոշու հավաքումը

Սոճու ծաղկափոշու հավաքումը

Սոճու ծաղկափոշին ըստ էության հանդիսանում է ծառի բեղմնավորիչն ու իր մեջ պարունակում է պտղի զարգացմանն անհրաժեշտ բոլոր նյութերը, որով և դառնում է արժեքավոր նաև մարդկանց համար․ այն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ ու խնամքի միջոցների պատրաստման համար։

Սոճու ծաղկափոշին հավաքելը բարդ չէ, պարզապես պետք է իմանալ ճիշտ ժամանակը։ Որպես կանոն՝ սոճու ծաղկման ու փոշոտման շրջանը համընկնում է խնձորենու ծաղկման ու փոշոտման շրջանի հետ։ Դա այն ժամանակահատվածն է, երբ սոճու բողբոջներն ազատվում են թեփուկներից ու ի հայտ են գալիս արական ծաղկաբույլերը, որոնք էլ հանդիսանում են ծաղկափոշու աղբյուր։ Ի դեպ, դրանք հիմնականում տեղակայված են լինում ծառի հարավային կողմում։ Սկզբում դրանք լինում են կանաչ, իսկ հասունացման ընթացքում դառնում են դեղին կամ դեղնականաչ։ Ծաղկաբույլերը համարվում են հասունացած, երբ սեղմելիս դադարում են հյութ արտազատել ու դառնում են մուգ դեղին։ Այդ վիճակը պահպանվում է 2 – 3 օր, որից հետո սկսում է փոշոտման շրջանը։

Տարբերակ 1

Արդեն հասունացած ծաղկաբույլերն զգուշությամբ պոկել ճյուղերից ու խնամքով շարել ոչ շատ խորը, բայց լայն բերանով՝ մակերեսով տարայի կամ զամբյուղի մեջ։ Ծաղկաբույլերը չի կարելի տևական ժամանակ թողնել միմյանց վրա, քանի որ դրանք շատ նուրբ են ու նույնիսկ սեփական ջերմությունից մի քանի ժամվա ընքացքում կարող են սկսել փտել։

Հավաքած ծաղկաբույլերը հարկավոր է փռել թղթի վրա՝ մեկ շերտով ու չորացնել տաք, չոր, բայց ոչ քամոտ տարածքում։ Դրանք անհրաժեշտ է չորացնել հնարավորինս բարձր՝ 30 – 35 ˚C  ջերմաստիճանում, քանի որ սենյակային 20 — 26˚C ջերմաստիճանի դեպքում ծաղկաբույլերը ոչ թե կչորանան ու կբացվեն, այլ պարզապես կթոշնեն։ Դրանից խուսափելու համար կարելի է ծաղկաբույլերը չորացնել ջեռուցող որևէ սարքի՝ օրինակ ջեռոցի վրա կամ պատուհանագոգին՝ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Որպեսզի ծաղկաբույլերը համաչափ չորանան, հարկավոր է պարբերաբար շրջել դրանք ու հետևել, որ չբորբոսնեն։

Երբ ծաղկաբույլերը չորանան, ծաղկափոշին կսկսի թափվել թղթի վրա, որի հետ մեկտեղ թղթի վրա կհայտնվեն նաև ծաղկաբույլերի թեփուկները։ Ծաղկափոշին առանձնացնելու նպատակով հարկավոր է այն մաղել շատ մանր մաղով, որի տակ նախապես պետք է ամրացնել պոլիէթիլենային տոպրակ՝ կպչուն ժապավենի կամ էլաստիկ ժապավենի (резинка) օգնությամբ կամ տեղադրել մեծ մակերեսով տարա։ Մաղի մեջ թափահարել նաև մնացած ծաղկաբույլերը, որոնց մեջ դեռևս ծաղկափոշի կա։

Մաղած ծաղկափոշու մեջ դեռ կարող են լինել շատ մանր թեփուկներ, որոնք կարելի է թողնել կամ ևս մեկ անգամ մաղելով՝ հեռացնել։ Այս անգամ մաղի վրա անհրաժեշտ է ամրացնել նաև կապրոնե կտոր (զուգագուլպայի, գուլպայի և այլն)։

Մաղած ծաղկափոշին լցնել թղթե տոպրակի մեջ կամ ստվարաթղթե տուփի մեջ ու պահել չոր տեղում։

Որպես օգտակար տեղեկություն՝ կարելի է նշել, որ 1 լ ծավալով ծաղկափոշի ստանալու համար անհրաժեշտ է հավաքել 12 – 15 լ ծավալով ծաղկաբույլ։

Տարբերակ 2

Այս տարբերակը քիչ աշխատատար է։ Ի տարբերություն նախորդ տարբերակի, այս դեպքում ծաղկափոշին հավաքվում է փոշոտման շրջանում։

Դրա համար հարկավոր է ուշադիր հետևել, թե որ ճյուղի վրա գտնվող ծաղկաբույլերի մեջ կա հնարավորինս շատ ծաղկափոշի։ Այդ ճյուղի վրա անցկացնել պոլիէթիլենային մաքուր մեծ ու ամուր տոպրակ ու ճյուղն զգուշությամբ թափահարել։ Արդյունքում ծաղկափոշին լցվում է տոպրակի մեջ, իհարկե նաև ծաղկաբույլերի թեփուկներ ու այլ տարրեր ճյուղի վրայից։

Նման տարբերակով որոշակի քանակությամբ ծաղկափոշի հավաքելուց հետո հարկավոր է այն մաղել՝ սկզբում շատ մանր անցքերով մաղով, որի տակ փռված կլինի թասիկ կամ ամրացված կլինի պոլիէթիլենային տոպրակ, ապա կապրոնե գործվածքի օգնությամբ, որը կօգնի ամբողջությամբ մաքրել փոշին կողմակի այլ տարրերից։

Հարկ է հիշել, որ մաղած ծաղկափոշին անհրաժեշտ է փռել թղթի վրա ու մի քանի օր լավ չորացնել որևէ չոր ու տաք վայրում՝ հեռու քամուց ու արևի ուղիղ ճառագայթներից։

Օդի նույնիսկ աննշան խոնավությունն ունակ է փչացնել ողջ ծաղկափոշին։

Արդեն պատրաստի ծաղկափոշին պահել ապակե կամ պլաստիկե չոր ու ամուր փակվող տարայի մեջ, որը հարկավոր է ժամանակ առ ժամանակ թափահարել ու պահել մութ, սառը և չոր տեղում մինչև 1 տարի։

Այս տարբերակը թույլ է  տալիս 1 ճյուղից հավաքել միջինը 5 – 7 գ ծաղկափոշի։

Метки: ,


Оставить отзыв