Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԾԵՍԵՐ, ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ > Սուրբ Սարգսի տոնը

Սուրբ Սարգսի տոնը

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին, ունի 35 օրվա շարժականություն և նշվում է Սուրբ Զատիկից 63 օր առաջ: Այս տոնը նշվում է հունվարի 18 – ից փետրվարի 23 – ն ընկած ժամանակահատվածում՝ շաբաթ օրը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ տոնը հռչակվել է նաև սիրո և երիտասարդների օրհնության օր: Տոնի օրը Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Այս տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական, այլ նաև ժողովրդական ծեսերով ու ավանդույթներով:

Սուրբ Սարգիսը ժողովրդական պատկերացումներում քաջ ու համարձակ ձիավոր էր, ով իշխում էր քամիներին, կարկուտին ու կայծակին, և շատ հաճախ ձմռան ցրտերին նրանից էր կախված ճանապարհներին գտնվող մարդկանց կյանքը: Սուրբն իր արագավազ ձիով սրընթաց շրջում էր լեռներում և օգնության հասնում կարիքավոր ճանփորդներին:

Սուրբ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին, մասնավորապես՝ աղջիկներին, որոնց իրենց կամքին հակառակ հաճախ ամուսնացնում էին, օգնության հասնելն էր: Այդպիսի դեպքերում աղջիկները աղոթքներով Սուրբ Սարգսին օգնության էին կանչում: Սուրբ Սարգսի օգնության կարիքն ունեին հատկապես սիրահարված զույգերը, որոնց աղոթքն առ Սուրբ Սարգիս գրանցել է բանագետ Սարդիս Հարությունյանը.

Մուրազատու Սուրբ Սարգիս,

Դու հասնիս մըր երկուսիս:

Երիտասարդները գիտեին, որ Սուրբ Սարգիսը սիրո կողմնակից է, «սիրո ճանապարհը» բացող և սիրակոտոր երիտասարդների պատրաստակամ ու արագահաս օգնականը, եթե վերջիններս հարգանքով ու սիրով են հիշում Սրբին և դիմում են նրա օգնությանը:

Երբեմն սիրահար զույգերը ծնողների կամքին հակառակ փախչում էին և դրա անունը դնում «աղջիկ փախցնել»: Փախած զույգը գիշեր-ցերեկ աղոթում էր Սուրբ Սարգսին՝ աղաչելով վերջինիս՝ մեղմել զայրացած ծնողների և ազգականների կարծրացած սրտերը:

Սուրբ Սարգսի օգնության կարիքն ունեին նաև հղի կանայք, և աղոթքներ կան, որոնցով նրանք դիմում են բարեգութ Սրբին:

Առհասարակ այս Սուրբը համարվում է նաև ընտանիքների հովանավոր, և մասնավորապես նրան նվիրված տոնի գիշերը ակնկալում էին Սրբի թաքուն այցելություն ընտանիք, որի դեպքում տվյալ ընտանիքին մեծ երջանկություն էր սպասվում: Սուրբ Սարգսի հիմնական ակտիվության շրջանը հունվար-փետրվար ամիսներն էին՝ բուքերի, ձյունամրրիկների շրջանը: Ի դեպ, փետրվար ամսին փչող քամիներին մեր հարևան վրացիներն անվանում են «հայերի» կամ «Սուրբ Սարգսի» քամի: Սակայն նա կարող էր հանդես գալ նաև տարվա այլ շրջաններում՝ կարկուտ բերելով մարդկանց արտերի վրա կամ, ընդհակառակն, կանխելով կամ կասեցնելով կարկուտը:

Սուրբ Սարգսի տոնը, թեև զանգվածայնությամբ զիջում էր շատ տոների, սիրված ու սպասված տոներից էր: Այն նշվում էր գլխավորապես ընտանեկան միջավայրում: Սուրբ Սարգսի տոնին նախորդում է հինգ օր տևողությամբ Առաջավորած պահքը, որը հաստատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Հայոց եկեղեցական տոնացույցում այս պասը պաշտոնապես կոչվում է Առաջավորաց պաս, սակայն ժողովրդի կողմից այն միշտ անվանվել է «Սուրբ Սարգսի», իսկ երբեմն էլ՝ «Խաշիլի պաս»: «Խաշիլի պաս» անունը գալիս է այն հանգամանքից, որ հնգօրյա այս պասի ընթացքում արգելված էր ուտել հայերի կենցաղում խիստ տարածված կերակրատեսակը՝ խաշիլը: Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքից զատ՝ չէին ուտում նաև աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ, այդ թվում, բնականաբար, նաև՝ խաշիլ:

Ակնում պահպանված մի երգ վկայում է, որ Սուրբ Սարգսի պասը պահողներին Սուրբն օգնություն էր խոստանում, չպահողներին սպառնում էր պատժել:

Սուրբ Սարգսի պասի օրերին արգելքները տարածվում էին ոչ միայն ուտելիքների, այլև աշխատանքի որոշ տեսակների, մարմնի խնամքի վրա: Այսպես, օրինակ, այդ օրերին արգելվում էր լվացք անել, օճառ օգտագործել, լողանալ կամ գլուխ լվանալ, ճախարակ մանել, գործ ունենալ բրդի, մազի հետ: Վստահ էին, որ մազ լվանալու դեպքում Սուրբ Սարգսի ձիու ոտքերին թնջուկ կփաթաթվի և որպես պատիժ՝ իրենց մազերը կթափվեն: Որոշ տեղեր, սակայն, Սուրբ Սարգսի պասի ժամանակ շատ մարդիկ պոկում էին իրենց մազերը և աղոթքներով հանձնում քամուն՝ հավատալով, որ Սուրբ Սարգիսն իրենց մազերի հետ կտանի նաև իրենց ցավը: Քեսապում ամբողջ շաբաթ անտառներից ու արտերի մոտերքից տաշեղներ ու արմատներ էին տուն բերում Սուրբ Սարգսի գիշերվա կրակի համար, որ պետք է վառվեր մինչև լույս: Այդ նույն շաբաթ երեխաների ամենասիրած խաղը «Մյուշտուկ» կոչված խաղն էր: «Մյուշտուկը» մեկ, մեկուկես թիզ երկարության փայտիկ էր, որոնք կռվացնելով շահում էին միմյանցից: Երեկոները հաղթածները հաճախ տուն էին բերում մի գիրկ «մյուշտուկ», որ շաբաթվա ընթացքում պատկառելի քանակություն էր դառնում: Այն հատկապես կուտակում էին աղի հացը թխելու համար:

Գետաշեն գյուղում, որտեղ տոնը կոչվում էր «խաշլի պաս», նույնպես տոնի հետ կապված հետաքրքիր ավանդույթներ ունեին, որի հիմքում փոխինձն էր:

Այդ նույն չորեքշաբթի (որոշ վայրերում էլ՝ ուրբաթ) երեկոյան չամուսնացած երիտասարդներն ու աղջիկներն էլ աղի բլիթներ են ուտում և այդպես ծարավ քնում՝ հուսալով երազում տեսնել իրենց ապագա կողակցին:

Պետք է ասել, որ սա միակ տոնն է, որին նախորդող պասի ընթացքում տեղի էին ունենում զվարճանքներ:

Ուրբաթ օրը բոլոր տներում սկսվում էին թաթախման` պասը բացելու նախապատրաստական աշխատանքները, ու կրկին ծիսական գլխավոր բաղադրիչը փոխինձն էր:

Որոշ տեղեր այդ գիշեր հատուկ բաղարջ էին թխում՝ առանց թթխմորի և աղի: Խմորը երկու գունդ էին անում, երկու շերտերի բաժանում, շերտերից մեկի վրա շարում ընտանիքի հարստությունները խորհրդանշող առարկաներ (մրգի զանազան տեսակներ, մի կտոր պանիր, դրամ և այլն), ծածկում խմորի երկրորդ շերտով և թխում: Առավոտյան բաղարջը շերտատում էին երեխաների թվով և բաժանում. ում բաժնից ինչ դուրս գար, նրան համապատասխան ժառանգություն էր սպասվում, մրգեղենը՝ այգիներ, պանիրը՝ անասուններ, դրամը՝ հայրական տունը: Եթե այդ առարկաներն աղջիկներին էին բաժին ընկնում, համապատասխանաբար նշանակում էր, որ նրա ամուսինը այգեպան, հովիվ կամ հարուստ մարդ պիտի լիներ և այլն:

Այսպիսով, Սուրբ Սարգսին սիրով սպասում էին երիտասարդները՝ իրենց սիրո հանգուցալուծման, տկարները, ճանապարհորդները՝ օգնության, բոլորը միասին՝ նրա զորության հետ հաղորդակցվելու հույսով: Սուրբ Սարգսի տոնի ուրբաթ գիշերը Սուրբ Սարգիսն ինքը սպասված երջանկաբեր էր բոլոր հայերի համար, սակայն հատուկ անձկությամբ նրան սպասում էին սիրահարված երիտասարդները: Այդ կապակցությամբ արժե հիշել Ե.Լալայանի խիստ պատկերավոր մի նկարագրությունը. «Քնած էր ամբողջ բնությունը: Քնած չէր միայն մեկը՝ Սուրբ Սարգիսը: Հազարավոր խնդիրներ էին հասել նրան, հազարավոր սրտեր սպասում են նրան: Նա պիտի հասնի բոլորին էլ: Նա պիտի կատարի բոլորի էլ խնդիրքը և ահա թե ինչու այդ մութ գիշերին, երբ աչք աչքի չի տեսնում, այդ քնի և հանգստի ժամանակ, երբ ամենայն ինչ հանգստանում է, նա իր «ղըռ» ձին նստած գնում է. ո՞ւր — միացնելու այն երկու էակներին, որոնք միմյանց համար են ստեղծված և որոնք միասին միայն կարող են մի ամբողջություն կազմել և երջանիկ լինել: Գնում է միացնելու այն սրտերը, որոնք շանթակից ամպերի նման միմյանց ձգում են, գնում է ալեկոծված և հուսահատ հոգիները սիրո կայանում հանգչեցնելու: Եվ այս գաղափարը այնքան ոգևորում է նրան, որ նա մզրախը ձեռին, ալ ղափուտը վրան՝ խաղացնում է իր ղըռ ձին: Նրա պնչերից ամպեր են ցայտում և փաթիլ-փաթիլ ձյուն անում: Նրա ոտների տրոփյունից աշխարհք է թնդում, իսկ մզրախի խաղացնելուց սաստիկ բուք բարձրանում»:

Շաբաթ առավոտյան անգամ դեռ գուշակություններ էին սպասվում՝ կապված փոխինձի կամ խաշիլի հետ:

Շատերը, սակայն, տանը պասը չէին բացում: Գերադասում էին գնալ ուխտի՝ Սուրբ Սարգսի անունը կրող որևէ սրբավայր: Այստեղ մի քիչ ջուր էին լցնում խաչի վրա և այդ խաչլվայի ջրով ու մեղրով փոխինձից շաղախ պատրաստում և ուտում, պասը բացում: Այն մարդիկ, ովքեր այդ օրը գնացել էին Սուրբ Սարգսի անվամբ սրբավայր, ուխտավայրից վերադառնալիս որևէ մեկին հանդիպելիս ասում էին. «Խաչը քեզ ողջույն ուղարկի», ինչին վերջինս պատասխանում էր՝ ողջ մնաս: Սուրբ Սարգսի պասին խարկված ցորենից և աղացած փոխինձից պահում էին և փոթորիկների ու կարկուտի ժամանակ դադարեցնելու նպատակով շաղ տալիս չորս կողմը, հատկապես՝ դաշտերում: Այս սովորույթն ուղղակի կապվում է Սուրբ Սարգսի հողմային բնույթի հետ, ըստ որի, նա կարողանում է փոթորիկ բարձրացնել, փոթորիկ դադարեցնել, ամպրոպ ու կարկուտ բերել և դրանք դադարեցնել:

Սուրբ Սարգսին վերագրվող զորությունները տարածվում են հետևյալ երևույթների վրա.

նա կարող է դևերին հալածել,

հիվանդներին բժշկել, հղիներին պաշտպանել,

պատերազմողներին հաղթանակ բերել,

բանտարկվածներին և գերիներին ազատություն պարգևել,

խռովությունները խաղաղեցնել,

նեղ վիճակում գտնվողներին ուժ տալ, օգնել,

ճանապարհորդներին պաշտպանել,

ալեկոծված ծովերը հանդարտեցնել,

կարկուտը և քամին հնազանդեցնել,

սիրահարվածների փափագը կատարել,

գայլին և այլ գիշատիչ գազաններին քարացնել կամ երախը «կապել»:

Սուրբ Սարգսի հետ կապված բոլոր ավանդազրույցները, պատմությունները վկայում են, որ այս Սուրբն իր միջամտությամբ հիմնականում մարդուն մղում է գործել, նախաձեռնություն ցուցաբերել, չնայած քիչ չեն նրա կողմից անձնազոհ «նվիրաբերումները»: Նրա գործերը ոչ այնքան երկնային զորությամբ նվիրատվություն են, որքան՝ մարդու կողմից իր նախաձեռնությունը, իր միջամտությունը, իր խելքը, իր տրամաբանությունը գործածելու խրախուսանք: Նա մարդկանց օգնում է՝ նրանց մեջ ի հայտ բերելով իրենց իսկ կարողությունները:

Սուրբ Սարգսի շաբաթ օրը վերջանում էր հաջորդ՝ շատ սիրված տոնի՝ Բարեկենդանի ազդարարումով:

Սուրբ Սարգսի տոնը նշում են նաև այլ ազգեր. օրինակ՝ քրդերն ու եզդիներն այն անվանում են «Խդըր Նաբի», իսկ ասորիները՝ «Մար Սարգիս»:

Այս տոնը նշվելու է հետևյալ ամսաթվերին՝

16.02.2019

08.02.2020

30.01.2021

12.02.2022

04.02.2023

15.02.2025: p

Метки:


Оставить отзыв