Вы просматриваете: Главная > ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ > Սև ձիթապտղը՝ որպես համեմունք

Սև ձիթապտղը՝ որպես համեմունք

Սև ձիթապտուղը՝ փոշի կամ մանր աղացած վիճակում, համեմունք է, որը կարելի է օգտագործել մսային, բանջարեղենային ուտեստների ու խմորեղենների, տարբեր թանձրուկների, աղցանների, մի շարք աղանդերների՝ խմորեղենների, կրեմների մեջ՝ ամբողջովին փոխելով բաղադրատոմսի՝ արդեն սովորական դարձած համը։ Այս համեմունքը հիմնականում կիրառվում է իսպանական ու եվրոպական այլ երկրների խոհանոցներում։ Այն շատ հեշտությամբ կարելի է պատրաստել տնային պայմաններում։ Այս համեմունքը կարելի է պահել զով տեղում՝ չոր ու ամուր փակվող տարրայի մեջ, ընդհուպ մի քանի ամիս։

Սև ձիթապտղից համեմունք պատրաստելու համար անհրաժեշտ է՝

առանց կորիզների պահածոյացված սև ձիթապտուղ՝ ամբողջական կամ կտրտած – 200 գ

Սև ձիթապտղից համեմունքի պատրաստման եղանակն է․

առանց կորիզների պահածոյացված ձիթապտուղը լավ ջրքամել, տարածել թղթե սրբիչի վրա ու հնարավորինս ցամաքեցնել։

Չորացնել կարելի է մի քանի տարբերակով։

Տարբերակ 1

Ամենից արագ տարբերակը միկրոալիքային վառարանի կիրառությունն է։

Միկրոալիքային վառարանի պտտվող սկավառակի վրա ծծան հանդիսացող որևէ թուղթ փռել, վրան շարել ջրքամած ամբողջական ձիթապտուղները և պատրաստել 350 Վտ հզորությամբ՝ 30 րոպե։ ձիթապտուղները ծածկելու կարիք չկա, քանի որ այդ հզորության տակ դրանք չեն տեղաշարժվում, և հեղուկը չի ցայտում։

Տարբերակ 2

Կարելի է չորացնել նաև ջեռոցում։

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, վրան լցնել ջրքամած սև ձիթապտուղները և չորացնել ջեռոցում 3 – 4 ժամվա ընթացքում՝ 80° С տաքացված ջեռոցում՝ ժամանակ առ ժամանակ բացելով ջեռոցի դռնակը, որպեսզի ավելորդ խոնավությունը դուրս գա։

Կարելի է չորացնել 100° С տաքացված ջեռոցում՝ 1,5 – 2,5 ժամվա ընթացքում։

Տարբերակ 3

Ամռան տաք ու չոր եղանակին կարելի է չորացնել նաև դրսում՝ արևի տակ։

Սկուտեղի վրա թղթե սրբիչ փռել, վրան լցնել ձիթապտուղները, ծածկել հակամիջատային ցանցով ու դնել արևի տակ՝ քամահարվող վայրում։ Չորացման գործընթացն այս տարբերակով կարող է տևել 1 – 3 օր՝ կախված օդի ջերմաստիճանից ու ձիթապտուղների չափսերից։

Տարբերակ 4

Անշուշտ, ձիթապտուղները հնարավոր է չորացնել նաև էլեկտրական չորանոցում։ Այս դեպքում, կախված չորանոցի հնարավորություններից, յուրաքանչյուր տանտիկին կարող է ընտրել իրեն առավել հարմար փոփոխակարգը (ռեժիմը)։

Տարբերակ 5

Տարվա ցուրտ եղանակներին պատրաստելու դեպքում կարելի է օգտվել ջեռուցման համակարգի ընձեռած հնարավորությունից ու խուսափել էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսից։

Դրա համար հարկավոր է ցանցի կամ այլ ծակոտկեն ափսեի մեջ թղթե սրբիչ փռել, վրան մեկ շերտով շարել ձիթապտուղները ու դնել ջեռուցման տաքացնող սարքի (ռադիատոր) վրա և թողնել՝ չորանա։ Չորացման գործընթացը կարող է տևել 12 կամ ավելի ժամ։

Ամեն դեպքում,անկախ չորացման համար ընտրված տարբերակից՝ չորացման գործընթացից հետո ձիթապտուղները պետք է լավ չոր լինեն ու բացարձակ խոնավություն չպարունակեն։

Արդեն չոր ձիթապտուղները հարկավոր է մանրացնել կամ փոշիացնել։

Փոշիացնելու համար հարկավոր է աղալ սրճաղացով, իսկ մի քիչ ավելի խոշոր կտորներով համեմունք ստանալու համար հարկավոր է չորացրած ձթապտուղները մանրացնել բլենդերով, հավանգով, գրտնակելով կամ խոհարարական մուրճի օգնությամբ (ձիթապտուղները լցնել տոպրակի մեջ, ամուր փակել, ապա գրտնակելով կամ մուրճով հարվածելով՝ մանրացնել)։

Метки: ,


Оставить отзыв