Վարդի թերթիկներով ու ելակով մուրաբա

Արևահամ ելակի ու թեյի անուշաբույր վարդի համադրությամբ ստացվում է անկրկնելի բուրմունքով ու համով, յուրահատուկ գունային երանգով մուրաբա։

Տարբերակ 1

Վարդի թերթիկներով ու ելակով մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ելակ – 300 գ

թեյի վարդի թերթիկներ – 250 գ

շաքարավազ – 350 – 400 գ

ջուր – 350 – 400 մլ

կիտրոնաթթու – 1/3 թ․ գ։

Վարդի թերթիկներով ու ելակով մուրաբայի պատրաստման եղանակն է․

թեյի վարդի թարմ թերթիկները լվանալ, ջրքամել ու լցնել էմալապատ կաթսայի մեջ։ Վրան ավելացնել կիտրոնաթթվի կեսը, խառնել, ապա ավելացել պտղակոթերը հեռացրած, լվացած ու ջրքամած ելակը, որից հետո՝ նաև շաքարավազը։ Թողնել մոտ 30 րոպե, որպեսզի ելակն սկսի հյութ արտազատել։ Այնուհետև ավելացնել ջուրն ու եփել մարմանդ կրակով մոտ 10 – 15 րոպե։ Վերցնել կրակից, թողնել՝ հովանա, ապա կրկին դնել կրակին՝ եփելով մինչև պատրաստ լինելը։

Պատրաստի մուրաբան տաք վիճակում լցնել կանխավ մանրէազերծված ապակե տարաների մեջ ու փակել մետաղական կափարիչով։

Տարբերակ 2

Վարդի թերթիկներով ու ելակով մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թեյի վարդի թերթիկներ – 300 գ

ելակ – 200 գ

շաքարավազ – 700 – 800 գ

ջուր – 400 – 450 մլ

կիտրոնի աղ – 0,5 թ․ գ։

Վարդի թերթիկներով ու ելակով մուրաբայի պատրաստման եղանակն է․

մանր ելակներից հեռացնել պտղակոթը, լավ լվանալ ու լցնել թասի մեջ։ Վրան ավելացնել 300 գ շաքարավազ ու թողնել 4 – 5 ժամ։

Մեկ այլ թասի մեջ լցնել վարդի՝ լվացած ու չորացրած թերթիկները, վրան լցնել կիտրոնաթթվի կեսն ու ձեռքերով թեթևակի տրորելով՝ լավ խառնել։ Թողնել մի քանի րոպե։

Այդ ընթացքում կաթսայի մեջ մնացած շաքարավազով ու ջրով օշարակ եփել։ Երբ այն պատրաստ լինի, ավելացնել մնացած կիտրոնաթթուն, վարդի թերթիկններն  ու ելակն՝ իր արտազատած հյութի հետ միասին։

Շարունակել եփել մոտ 5 րոպե, վերցնել կրակից ու թողնել, որ հովանա։ Որոշ ժամանակ անց կրկին եռացնել 5 րոպե։ Եթե մուրաբան արդեն պատրաստ է, ապա լցնել մանրէազերծված ապակե տարաների մեջ ու փակել կափարիչով։

Եթե մուրաբան դեռ չունի անհրաժեշտ թանձությունը, ապա թողնել՝ հովանա, ևս մի անգամ եռացնել՝ մինչև լիովին պատրասը լինելը, որից հետո պահածոյացնել ապակե տարաների մեջ։