Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՏՈՐԹԵՐ > Վաֆլե տորթ «Գրիլյաժ»

Վաֆլե տորթ «Գրիլյաժ»

Ֆրանսիական ծագում ունեցող «Գրիլյաժ» անուշեղենն առավել հայտնի է կոնֆետի տեսքով ու շատերի սիրելի աղանդերներից է։ Սակայն այն կարելի է մատուցել ու վայելել նորովի՝ վաֆլե տորթի տեսքով։

Տարբերակ 1

«Գրիլյաժ» վաֆլե տորթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

վաֆլե շերտեր – 3 հատ

ընկույզ կամ գետնանուշ – 150 գ

կաթնային թխվածքաբլիթ – 200 գ

կարագ – 200 գ

մեղր – 2 ճ․ գ

շաքարավազ – 1 ճ․գ

կակաո – 2 ճ․ գ

կիտրոնաթթու –1/4 – 1/3 թ․ գ

խտացրած կաթ – 4 ճ․ գ

սև շոկոլադ կամ շոկոլադե ջնարակ – 100 – 150 գ

կոկոսի քերուկ – 50 գ։

«Գրիլյաժ» վաֆլե տորթի պատրաստման եղանակն է․

կաթսայի մեջ լցնել մանրացրած ընկույզը, մի քանի մասի բաժանած 100 գ թխվածքաբլիթը, շաքարավազը և մեղրը ու մարմանդ կրակով եփել այնքան, մինչև մեղրն ու շաքարավազը լիովին հալվեն՝ մոտ 20 – 30 վայրկյան։

Վերցնել կրակից, ավելացնել կարագի կտորները և կիտրոնաթթուն, խառնել, մինչև կարագն ամբողջությամբ հալվի։

Զանգվածը բաժանել 2 հավասար մասի ու քսել երկու շերտերին, ապա ծածկել երրորդ շերտով ու դնելով ծանրոցի (1 – 1,5 կգ) տակ՝ 2 – 3 ժամով տեղափոխել սառնարան։

Մնացած թխվածքաբլիթը մանր քերիչով քերել կամ մանրացնել բլենդերով այնպես, որ ստացվի շատ մանր ու համասեռ փշրանքի զանգված։ Խառնել փշրանքները խտացրած կաթի հետ։ Պետք է ստացվի թանձր մածուկանման զանգված (կարելի մի քիչ կաթ ավելացնել՝ ավելի ջրիկ զանգված ստանալու համար)։ Այս զանգվածին, ցանկության դեպքում, կարելի է ավելացնել նաև բլենդերով հարած չամիչ, արմավ կամ ծիրանի չիր։

Ստացված զանգվածով ծածկել վաֆլե երրորդ շերտի մակերեսն ու տորթի կողմնային մակերևույթը։

Գոլորշու վրա հալած շոկոլադը կամ շոկոլադե ջնարակը (գլազուր) տարածել տորթի մակերեսի վրա, ապա վրան ցանել կոկոսի քերուկը։

Բաժանել քառակուսի կտորների ու մատուցել։

Տարբերակ 2

«Գրիլյաժ» վաֆլե տորթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

շաքարավազ – 200 գ

կարագ – 200 գ

մեղր – 200 գ

կակաո – 1,5 ճ․ գ

ընկույզ կամ այլ ընդեղեն – 250 գ

վաֆլե շերտեր – 5 – 7 հատ։

 «Գրիլյաժ» վաֆլե տորթի պատրաստման եղանակն է․ թավայի մեջ լցնել կարագը, մեղրը և շաքարավազը, դնել կրակին և եռման հասցնել։ Այնուհետև ավելացնել մանրացրած ընկույզն ու մարմանդ կրակով եփել 5 – 7 րոպե։ Ավելացնել նաև կակաոն, լավ խառնելով՝ տապակել 1 – 2 րոպե ու տաք վիճակում, բաժանելով 4 -6  հավասար մասի, տարածել շերտերի վրա։ Վերջին շերտը ծածկել սննդային թաղանթով ու տորթը 1 — 2 ժամով դնել ծանրոցի տակ (կարելի է  թողնել նաև ողջ գիշեր)։

Մատուցել ոչ շատ մեծ քառակուսի կտորներով։

Метки: , , ,


Оставить отзыв