Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ > Տավարի մսից բաստուրմա

Տավարի մսից բաստուրմա

Բաստուրման հայերի ամենասիրելի ու ամենատարածված մսային խորտիկներից է։

Տավարի մսից բաստուրմա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

տավարի փափկամիս – 1 կգ

աղ – 100 գ

չամանի մածուկ – 400 – 500 մլ։

Տավարի մսից բաստուրմայի պատրաստման եղանակն է․

տավարի գավակը (սուկի՝ մեջքամասի հաստ կամ բարակ փափկամիսը), կամ ազդրի վերևի մասի փափկամիսը լվանալ և կտրել մոտ 6 սմ հաստությամբ, 10 – 12 սմ լայնությամբ ու մինչև 30 սմ երկարությամբ կտոր։

Միսը դնել թասի մեջ, վրան լցնել աղն ու դրանով պատել մսի ողջ մակերեսը, ծածկել բամբակե գործվածքով ու թողնել 2 օր, որից հետո միսը շրջել ու կրկին թողնել 2 օր։

Մսակտորը լվանալ հոսող ջրի տակ ու թղթե սրբիչով լավ չորացնել։ Այնուհետև փաթաթել բամբակե նոսր գործվածքով կամ թանզիվով (марля), դնել սկուտեղի մեջ, վրան դնել խոհանոցային տախտակ, իսկ տախտակի վրա որևէ ծանրոց։

Միսը ծանրոցի տակ մամլել մոտ 5 ժամ, ապա փոխել խոնավացած գործվածքն ու մամլել ևս 12 – 14 ժամ։

Մամլման ավարտից հետո միսը լարանի միջոցով կախել ստվերոտ, քամոտ, բայց տաք տարածքում՝ չորանալու՝ թողնելով մոտ 1 – 3 օր (միսը շոշոփելիս պետք է չոր լինի), որից հետո ծածկել չամանի մածուկի հաստ շերտով, դնել թասի մեջ ու թողնել 4 – 6 օր։

Այնուհետև մսի վրայի մածուկը հարթեցնելով՝ կրկին կախել քամոտ, ստվերոտ ու տաք վայրում մոտ 8 — 10 օր, որպեսզի վերջնականապես չորանա։

Метки: , , , ,

Обсуждение закрыто.