Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Տարաների մանրէազերծումը պահածոյացման համար

Տարաների մանրէազերծումը պահածոյացման համար

Տնային պայմաններում պահածոներ պատրաստելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել մի շարք կանոններ, որոնցից կախված են պահածոնների անվտանգությունն ու համտեսողների առողջությունը։

Անշուշտ, շատ կարևոր է ուշադրություն դարձնել պահածոյացվող մթերքների որակին, մաքրությանը, պատրաստման ճիշտ տեխնոլոգիաների ընտրությանն ու անպայման մանրէազերծել (ստերիլիզացնել) պահպանման համար նախատեսված տարաները և կափարիչները։

Տարաներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ չունենան վնասված մակերևույթ։ Դրանք լվանալու համար ցանկալի է վերցնել նոր սպունգ ու այն օգտագործել միայն տարաների ու կափարիչների լվացման համար։ Տարաներն ու կափարիչները կարելի է լվանալ նախընտրելի լվացող միջոցով ու տաք ջրով, ապա՝ սոդայով և լավ պարզաջրել։

Եթե տարաները նոր են, ապա անհրաժեշտ է դրանք մի քանի րոպե թողնել հոսող տաք ջրի տակ, ապա միայն մանրէազերծել նախընտրած տարբերակով, որպեսզի դրանք չճաքեն ու չվասվեն։

Մետաղական կափարիչները պետք է լինեն առանց որևէ վնասվածքի․ պտուտակավոր կափարիչների դեպքում հարկավոր է ստուգել դրանց անթափանցելիությունը (հերմետիկությունը)՝ դրանցով պարզապես փակելով ջրով լի տարան ու կողաշրջելով։

Միանգամյա օգտագործման կափարիչի դեպքում հարկավոր է ստուգել ռետինե միջադիրի ամբողջականությունը։

Ի դեպ, մետաղական պտուտակավոր կափարիչներից նախորդ  պահածոներից մնացած հոտը վերացնելու նպատակով դրանք կարելի է որոշ ժամանակ թողնել կիտրոնի հյութի կամ քացախի ու տաք ջրի խառնուրդում, ապա լվանալ սոդայով և լավ պարզաջրել։

Դրանից հետո տարաներն ու կափարիչները հարկավոր է մանրէազերծել։

Տարբերակ 1

Մանրէազերծում գոլորշու վրա

1/3 – ով ջուր լցրած կաթսան դնել կրակին, իսկ վրան դնել անցքերով հատուկ կափարիչ կամ մետաղական ցանց։ Վրան՝ բերանի մասը դեպի ներքև, շարել ապակե տարաներն ու պահել գոլորշու վրա այնքան, միչև տարաների ներսում կսկսեն առաջանալ ջրի կաթիլներ և կհոսեն ցած։

Տարաներն զգուշությամբ վերցնել գոլորշու վրայից ու բերանի մասը դեպի վար շարել սրբիչի վրա։

Մինչև 0,5 լ տարողությամբ տարաները գոլորշու վրա հարկավոր է պահել 6 – 8 րոպե, 0,5 – 1 լ տարողությամբ տարաները՝ 8 – 12 րոպե, 1 – 2 լ ծավալով տարաները՝ — 12 – 15 րոպե, 3 լ և ավելի ծավալով տարաները՝ 20  — 30 րոպե։

Երբ տարաները փոքր-ինչ հովանան, կարելի է օգտագործել։

Գոլորշու վրա տարաների հետ միասին կարելի է նույն կերպ մանրէազերծել նաև մետաղական կափարիչներ՝ նախապես հանելով ռետինե շերտը։

Տտարբերակ 2

Մանրէազերծում գոլորշաեփի (пароварка) կամ բազմաեփի (мультиварка) օգնությամբ

Բազմաեփի կամ գոորշաեփի տարայի մեջ համապատասխան չափով ջուր լցնել, վրան դնել ծակոտկեն գլխադիրը (насадка), ապա վրան շարել ապակե՝ մաքուր ու չոր տարաները՝ բերանի մասը դեպի ներքև։

Գոլորշաեփ օգտագործելու դեպքում պարզապես միացնել սարքը, իսկ բազմաեփի դեպքում՝ միացնել «Շոգեխաշում (варка на пару, steamer)» պայմանակարգը (ռեժիմը)։ Երբ ջուրն սկսի եռալ, տարաները պահել գոլորշու վրա այնքան, որքան նշված է «Մանրէազերծում գոլորշու վրա» տարբերակում։

Տարբերակ 3

Մանրէազերծում եռման ջրի միջոցով

Մեծ կաթսայի մեջ լցնել այնքան ջուր, որ տարան կողաշրջված վիճակում ամբողջությամբ ընկղմվի ջրի մեջ։ Եթե տարայի ու կաթսայի չափսերը նման հնարավորույուն չեն ընձեռում, ապա հարկավոր է կաթսայի մեջ լցնել հնարավորինս շատ ջուր, իսկ եռալու ընթացքում պարբերաբար պտտել տարան ջրի մեջ, որպեսզի բոլոր կողմերը ենթարկվեն ջերմամշակման։

Կաթսան դնել կրակին, ու տարան եռացնել մոտ 5- 15 րոպե՝ կախված տարայի ծավալից, հանել ջրից ու բերանը դեպի ներքև շարել սրբիչի վրա։ Թողնել՝ ամողջությամբ ջրքամվի, հովանա ու օգտագործել ըստ նշանակութան։

Միաժամանակ կարելի է մանրէազերծել նաև մետաղական կափարիչները ՝ հեռացնելով ռետինե միջադիրը։

Տարբերակ 4

Մանրէազերծում միկրոալիքային վառարանի օգնությամբ

Միկրոալիքային վառարանում  0,5 լ և ավելի փոքր ծավալով տարաները մանրէազերծելու համար հարկավոր է դրանց մեջ մոտ 1 – 2 սմ ջուր լցնել ու շարել պտտվող սկավառակի վրա՝ միմյամցից որոշակի հեռավորության վրա։ Վառարանը միացնել 700 – 800 Վտ հզորությամբ ու թողնել 3 – 4 րոպե։ Այդ ժամանակահատվածում ջուրը կսկսի եռալ ու գոլորշիանալ։ տարաներն զգուշությամբ (քանի որ շատ տաք պիտի լինեն) հանել վառարանից, բերանի մասը դեպի ներքև շրջած շարել չոր սրբիչի վրա։

0,5 – 1,5 լ տարողությամբ տարաները մանրէազերծել նույն սկզբունքով՝ միկրոալիքային վառարանում թողնելով 5 – 8 րոպե։

2 – 3 լ տարողությամբ տարաները սկավառակի վրա հարկավոր է տեղադրել կողաշրջված վիճակում, իսկ գոլորշու առկայությունն ապահովելու նպատակով տարայի կողքին տեղադրել փոքր ծավալով տարա՝ ջրի որոշակի ծավալով ու թողնել վառարանում 7 – 10 րոպե։

Տարաները թողնել՝ հովանա ու կիրառել ըստ նշանակության։

Մետաղական կափարիչները միկրոակիքային վառարանում դնել չի կարելի։

Տարբերակ 5

Մանրէազերծում էլեկտրական ջեռոցի օգնությամբ

Լվացած ու թաց վիճակում տարաները շարել ջեռոցի ցանցի վրա՝ բերանի մասը դեպի վար։ Ջեռոցը տաքացնել մինչև 150˚C ու տարաները ու որոշակի ժամանակ թողնել տաք ջեռոցում․ 0,5 լ և ավելի քիչ ծավալով տարաները՝ 10 րոպե, 0,5 – 1 լ ծավալի դեպքում՝ 15 րոպե, մինչև 3 լ ծավալի դեպքում՝ 20 – 25 րոպե։

Հանել ջեռոցից, շարել սրբիչի վրա ու թողնել՝ հովանա։

Տարաներին զուգահեռ ցանցի վրա կարելի է դնել նաև մետաղական թաց կափարիչները՝ ռետինե միջադիրների առակայության դեպքում դրանք նախապես հեռացնելով։

Տարբերակ 6

Մանրէազերծում սպասք լվացող սարքի օգնությամբ

Սպասք լվացող ժամանակակից սարքերից շատերն ունեն մանրէազերծման պայմանակարգ։ Այն ապահովում է ջրի առավելագույն ջերմաստիճան։

Այս դեպքում անհրաժեշտ է միայն դասավորել տարաներն ու մետաղական կափարիչները (առանց ռետինե միջադիրի) սարքի մեջ ու միացնել համապատասխան պայմանակարգը (ռեժիմը)։

Метки:


Оставить отзыв