Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՏՈՐԹԵՐ > Տորթ «Սեր»

Տորթ «Սեր»

Այս հասարակ, բայց շատ գեղեցիկ ու տպավորիչ տորթի մեջ հիանալիորեն համադրվում են փխրուն բիսկվիթի, նրբահամ յոգուրտի համն ու նրբությունը և դոնդողի առաձգականությունը։

«Սեր» տորթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 6 հատ

շաքարավազ – 2 բաժակ

փխրեցուցիչ – 0,5 թ․ գ

ալյուր – 1 բաժակ

ջուր – 6,5  բաժակ

կիտրոնի հյութ – 2 – 3 ճ․ գ

ելակի յոգուրտ – 300 գ

ելակի դոնդող – 5 տուփ

դոնդող – 2 – 3 թ․ գ

կարագ – 50 գ

թթվասեր – 2 ճ․ գ

կակաո փոշի – 2 – 3 ճ․ գ

վանիլ

աղ։

«Սեր» տորթի պատրաստման եղանակն է․

դեղնուցներից առանձնացրած սպիտակուցները հարել մի պտղունց աղի հետ միասին, մինչև դառնա կայուն փրփուր, ապա գդալ առ գդալ ավելացել 1 բաժակ շաքարավազն ու լավ հարել՝ դարձնելով միասեռ զանգված։ Այնուհետև հատ-հատ ավելացնել դեղնուցներն ու շարունակել հարել ցածր արագությամբ։

Մաս-մաս ավելացնել փխրեցուցիչի և ալյուրի խառնուրդը, խառնել փայտե գդալով ու պատրաստի խմորի կեսը լցնել 25 x 25 սմ չափսերով քառակուսի կամ համապառասխան մակերեսով այլ՝ յուղաթղթով պատած ու յուղած կաղապարի մեջ՝ թխելով նախապես 180˚C տաքացրած ջեռոցում՝ 20 – 25 րոպե՝ մինչև պատրաստ լինելը։

Նույն կերպ թխել նաև խմորի մյուս կեսը կամ թխել մեկ ամբողջական շերտ, ապա հովանալուց հետո բաժանել երկու մասի։

0,25 բաժակ եռացող ջրի մեջ լուծել 1 ճ․ գ շաքարավազն ու ավելացնել կիտրոնի հյութը։ Ստացված զանգվածը ցողել թխված բիսվիթների վրա ու թողնել՝ ներծծվի։

Շերտերից մեկը վերադարձնել կաղապարի մեջ, իսկ մյուսի վրա նախշակաղապարի միջոցով սրտիկներ կտրտել ու հեռացնել՝ պահպանելով շերտի ամբողջականությունը։

Կաթսայի մեջ իրար խառնել մնացած շաքարավազը, թթվասերը, կարագն ու կակաոն և եփել մինչև մի քիչ թանձրություն ձեռք բերելը՝ պատրաստելով ջնարակ։

Պատրաստված ջնարակով պատել ցանցի վրա դրված երկրորդ շերտը և թողնել, որ ավելորդ զանգվածը հոսի, ու մակերևույթը չորանա։

Տարրայի մեջ իրար խառնել դոնդողն ու ելակի դոնդողի մի տուփը, վրան ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր ու խառնել՝ դարձնելով միասեռ զանգված։ Թողնել մի քանի րոպե, որպեսզի մի քիչ հովանա և սկսի թանձրանալ։ Ապա ավելացնել յոգուրտն ու լավ խառնել։

Մեկ այլ տարրայի մեջ էլ 4 բաժակ եռացրած ջրում լուծել 3 տուփ ելակի դոնդողը և թողնել՝ հովանա։

Երրորդ տարրայի մեջ էլ 1,25 բաժակ ջրում լուծել 1 տուփ ելակի դոնդող ու կրկին թողնել՝ հովանա։

Յոգուրտային զանգվածը տարածել կաղապարում գտնվող թխվածքի շերտի վրա ու 20 – 25 րոպեով տեղադրել սառնարանում, որպեսզի յոգուրտային շերտը մի քիչ սառչի և կայունանա։

Հանել սառնարանից, վրան տարածել երկրորդ տարրայի պարունակությունը և վրան զգուշությամբ տեղադրել թխվածքի երկրորդ շերտը։

Ձևավորված սրտաձև ակոսիկների մեջ լցնել երրորդ տարրայում պատրաստված դոնդողը և արդեն պատրաստի տորթը կրկին տեղադրել սառնարանում, որպեսզի դոնդողը վերջնականապես կայունանա՝ մոտ 2 – 3 ժամ։

Մատուցել մի գավաթ սուրճով կամ թեյով և մեծ սիրով։

Метки: , , ,


Оставить отзыв