Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՏՈՐԹԵՐ > Տրյուֆելային տորթ

Տրյուֆելային տորթ

Այս տորթը նկարագրելիս համեղ ու գեղեցիկ ասել, նշանակում է ոչինչ չասել։ Այն պարզապես աննկարագրելի է։

Տրյուֆելային տորթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 3 հատ

ձվի դեղնուց – 2 հատ

շաքարավազ – 200 գ

կարագ – 150 գ

սև շոկոլադ – 450 գ

կակաո փոշի – 1,5 ճ․ գ․

ալյուր – 80 գ

փխրեցուցիչ – 1 թ․ գ

սերուցքային պանիր «Ֆիլադելֆիա» – 400 գ

չոր դոնդող – 15 – 20 գ

ջուր – 1 սուրճի բաժակ

սերուցք՝ 35% յուղայնությամբ – 200 մլ

լիկյոր՝ ըստ ցանկություն – 3 – 4 ճ․ գ․։

Տրյուֆելային տորթի պատրաստման եղանակն է․

ձուն 140 գ շաքարավազով լավ հարել, որպեսզի ստացվի բաց դեղին օդեղեն զանգված։

100 գ կարագը հալեցնել փոքրիկ կաթսայի մեջ կամ գոլորշու վրա, ավելացնել 150 գ շոկոլադն ու կակաոն, խառնել այնքան, մինչև շոկոլադն ամբողջությամբ հալվի, ապա աստիճանաբար ավելացնել ձվային զանգվածին՝ ողջ ընթացքում անընդհատ խառնելով։

Այնուհետև ամենին փոքր չափաբաժիններով ավելացնել ալյուրի ու փխրեցուցիչի խառնուրդը և փայտե գդալով խնամքով խառնել։

Խմորը լցնել յուղաթղթով ծածկված 22 – 24 սմ տրամագծով կաղապարի մեջ ու թխել նախապես 180˚C տաքացրած ջեռոցում 30 րոպե՝ մինչև պատրաստ լինելը։

Թխվածքը հանել կաղապարից, թողնել՝ հովանա ու ըստ լայնության բաժանել երկու հավասար մասի։

Չոր դոնդողը լցնել սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ ու թողնել 20 – 30 րոպե։

Փոքրիկ կաթսայի մեջ լցնել սերուցքը, հասցնել եռման ու վերցնել կրակից, վրան ավելացնել թրջած դոնդողն ու 100 գ շոկոլադ և այնքան խառնել, մինչև դոնդողն ու շոկոլադն ամբողջությամբ հալվեն։

Կրեմ պատրաստելու համար սերուցքային պանիրը հարել ձվի դեղնուցների հետ, ավելացնել սերուցքային զանգվածը լավ խառնել, որից հետո ավելացնել լիկյորն ու լավ հարել։

Թխվածքի շերտերից մեկը դնել կաղապարի մեջ, վրան համաչափ տարածել կրեմի կեսը, ծածկել երկրորդ շերտով ու վրան տարածել մնացած կրեմը։

Կաղապարի երեսը ծածկել սննդային թաղանթով  ու տեղադրել սառնարանում՝ թողնելով 3 ժամ։

50 գ կարագը հալեցնել, ավելացնել 200 գ շոկոլադ, խառնել մինչև շոկոլադը հալվի, վերցնել կրակից ու թողնել՝ հովանա։

Երբ 3 ժամը լրանա, տորթը հանել կաղապարից, երեսպատել արդեն հովացած ջնարակով։

Метки: , ,

Обсуждение закрыто.