Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԾԵՍԵՐ, ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ > Փոխինձի նշանակությունը հայկական ծիսակատարություններում

Փոխինձի նշանակությունը հայկական ծիսակատարություններում

Գրեթե բոլոր հայկական ավանդական տոների ծիսակատարություններում հատուկ ուշադրության են արժանանում ցորենը, աղանձը, ալյուրը, փոխինձն ու դրանցից պատրաստված ուտեստները:

Փոխինձը հատուկ ուշադրության է արժանանում հատկապես Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոնակատարություններում:

Սուրբ Սարգսի տոն

Սուրբ Սարգսի տոնին նախորդող Առաջավորաց պահքը ժողովրդի մեջ առավել հայտնի էր «Սուրբ Սարգսի», իսկ երբեմն էլ՝ «Խաշիլի պաս» անվանմամբ: «Խաշիլի պաս» անունը գալիս է այն հանգամանքից, որ հնգօրյա այս պասի ընթացքում արգելված էր ուտել հայերի կենցաղում խիստ տարածված կերակրատեսակը՝ խաշիլը: Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքից զատ, չէին ուտում նաև աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ, այդ թվում, բնականաբար, նաև՝ խաշիլ:

Գետաշեն գյուղում, որտեղ տոնը կոչվում էր «խաշլի պաս», ողջ շաբաթ երեխաները դարձյալ շրջում էին տնետուն, երգում և մթերքներ հավաքում: Հավաքում էին փոխինձ, դոշաբ, աղանձ, ցորեն, ալյուր: Հայկական որոշ գավառներում ծոմը սկսում էին կիրակի երեկոյան, և այն տևում էր մինչև չորեքշաբթի երեկո, կամ, ընդհակառակը, ծոմն սկսում էին չորեքշաբթի առավոտից և շարունակում մինչև շաբաթ առավոտ, այսինքն՝ երեք օր: Այն վայրերում, որտեղ ծոմը տևում էր մինչև չորեքշաբթի, չորեքշաբթի օրը մեծ տաշտի մեջ պատրաստում էին փոխինձի և խաղողի դոշաբի շաղախ, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում և գիշերը տան ներսում պահում մատչելի մի տարածքում՝ հուսալով, որ ձիավոր Սարգիսն իր գիշերային սլացքի ժամանակ իրենց տուն կմտնի և, ձիու պայտի հետքը թողնելով այդ անուշեղենի վրա, կհավաստի, որ տեսել է և գնահատում է իր տոնը պահող ընտանիքի նվիրվածությունն իրեն: Այղ նույն չորեքշաբթի երեկոյան տանտերը ընթրիքի ժամին մի բուռ փոխինձ է մոտեցնում իր բերանին և փչում՝ նմանակելով ձյունամրրիկի տեսարանը: Այնուհետև նա տնեցիներից յուրաքանչյուրին պատրաստված անուշեղենից մի-մի կտոր տալիս է՝  ասելով . «Սուրբ Սարգիսը քեզ պահապան լինի»:

Ուրբաթ օրը բոլոր տներում սկսվում էին թաթախման՝ պասը բացելու նախապատրաստական աշխատանքները: Մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով փոխինձ էին շաղախում, ընտանիքի անդամների թվով գնդերի բաժանում: Շատերը գերադասում էին այդ գործողությունը կատարել Սուրբ Սարգսի անունը կրող սրբավայրերից որևէ մեկի մոտ: Երեկոյան հանդիսավորապես բացում էին Ս.Սարգսի պասը՝ փոխինձի՝ իրենց գնդիկներն ուտելով: Սակայն ծոմ պահած երիտասարդները դեռ չէին ուտում: Նրանք քնելուց առաջ միայն խիստ աղի բլիթ էին ուտում, որպեսզի գիշերը երազում իրենց ջուր տվող մարդու շուրջ գուշակություններ անեն:

Հայկական այլ գավառներում էլ ուշագրավ սովորություն էր ուրբաթ երեկոյան փոխինձով կամ այլուրով սկուտեղը տանիքին կամ պատշգամբում դնելը: Ավանդույթի համաձայն, Սուրբ Սարգիսը՝ իր ձիուն թամբած, գիշերը հրեշտակների ուղեկցությամբ պետք է անցներ տանիքների վերևով, և ում սկուտեղի վրա դրոշմվեր պայտի հետքը, այդ տարի պետք է իրականանար նրա երազանքը:

Շաբաթ առավոտյան առաջին գործն, իհարկե, պատուհանի գոգին դրած փոխինձի ստուգումն էր՝ գուցե՞ իրենց մեծագույն բախտ է վիճակվել, և Սուրբն այցելել է իրենց տուն: Հարսնացու աղջիկ ունեցող մայրերն այդ ժամին, փոխինձն ստուգելուն զուգընթաց, երգում էին՝ Սուրբ Սարգսից իրենց սիրասուն զավակի համար «արև, լույս փեսա» խնդրելով:

Եթե հանկարծ ձիու պայտի հետքը նշմարվում էր, աննկարագրելի ուրախություն էր ընտանիքում, ողջ գյուղը, բոլոր ազգականները, հարևաններն իմանում էին:

Սրանով, սակայն, չէին ավարտվում գուշակությունները: Ծոմ պահողներն իրենց փոխինձի գնդից մի կտոր կամ խաշիլից մի պատառ դնում էին իրենց տան երդիկին և հետևում, թե այդ կտորը կտցող թռչունները ո՞ր կողմ են թռչում, այդտեղից էլ սպասվում էր ապագա ամուսինը կամ կինը: Բայց եթե թռչունը այդ պատառը տեղում էր կտցահարում և չէր թռչում, դա նշանակում էր, որ պատառի տեր տղան կամ աղջիկը երբեք չի ամուսնանալու: Այս սովորությունների արտացոլումն է Նաղաշ Հովնաթանի «Տաղ ծիծաղական վասն կանանց» բանաստեղծության մեջ հետևյալ քառատողը.

Սուրբ Սարդիս փոխինդ մերայ,

Այս հինդ օրս հաց չկերա,

Ձիան նալն կոխեց վերայ,

Ինձ մէկ տղայ ջուր տուել այ:

Метки: ,


Оставить отзыв