Թիթեռնիկ՝ պլաստիկե շշից

Յուրաքանչյուրի տանն էլ կան պլաստիկե շշեր, որոնք համարվում են թափոն։ Այդ շշերին կարելի է երկրորդ կյանք տալ՝ գեղեցիկ շինվածքներ պատրաստելով։

Այս գեղեցիկ ու բազմերանգ թիթեռնիկներով կարելի է ձևավորել սենյակային ծաղիկներ՝ ամառային տեսք հաղորդելով։ Գնդասեղով կարելի է ամրացնել վարագույրին կամ, փոքրիկ մագնիս ամրացնելու դեպքում, սառնարանին ամրացնել։

Տարբերակ 1

Թիթեռ՝ պլաստիկե շշի միջին հատվածից

Պլաստիկե շշից թիթեռնիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հարթ մակերեսով պլաստիկե շիշ

թիթեռի նախշակաղապար (տրաֆարետ)

սև ներկամատիտ (ֆլոմաստեր) կամ գելային գրիչ (гелевая ручка)

մկրատ

եղունգների լաք՝ տարբեր գույների կամ ապակենախշման ներկեր (витражные краски)

փայլեր

ինքնակպչուն փայլուն արհեստական քարեր։

Պլաստիկե շշից թիթեռնիկի պատրաստման եղանակն է․

պիտակը հեռացրած պլաստիկ շշի ներքևի և վերևի մասերը հեռացնելով՝ առանձնացնել մեջտեղի հարթ հատվածը։ Ստացված գլանը կտրելով դարձնել ուղղանկյուն։

Նախընտրելի թիթեռի նախշակաղապարը տեղադրել ուղղանկյան տակ, ամրացնել, որ չշարժվի և սև ներկամատիտով ուրվագծել թիթեռի պատկերն ուղղանկյան վրա։

Եղունգների լաքով գունավորել թիթեռը։ Ձևավորել արհեստական քարերով և փայլերով, որից հետո լաքապատել թափանցիկ լաքով։ Թողնել, որ լաքը լավ չորանա։

Մկրատով հեռացնել պլաստիկի ավելորդ մասերը (դա կարելի է անել նաև մինչև թիթեռը գունավորելը, սակայն ներկելը դժվար կլինի)։

Թիթեռի թևիկները հիմքի մասից ծալել այնպես, որ մարմնի հատվածը լինի հարթ, իսկ թևիկները՝ դեպի վեր։

Կարելի է ձևավորել նաև թիթեռնիկի մարմինը՝ բարակ մետաղալարի վրա մանր ուլունքներ անցկացնելով և բեղիկներ պատրաստելով։ Կարելի է ուլունքապատել նաև թիթեռի մարմինը։

Թիթեռնիկներ կարելի է պատրաստել ինչպես թափանցիկ, այնպես էլ տարբեր երանգավորումներ ունեցող շշերից։

Տարբերակ 2

Թիթեռնիկ՝ պլաստիկե շշի տակի հատվածից

Թիթեռնիկի այս տարբերակը պատրաստելու համար որևէ հատուկ հմտության կարիք չկա․ կարող են պատրաստել նույնիսկ երեխաները։

Պլաստիկե շշից թիթեռնիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

պլաստիկե շիշ

ներկեր՝ վիձնով

մկրատ

բիզ

քուղ կամ մետաղական միջուկով թավաթել (pipe cleaners, синель стебли)։

Պլաստիկե շշից թիթեռնիկի պատրաստման եղանակն է․

կտրելով՝ շշից առանձնացնել տակի մասը, որից էլ այնուհետև կտրել ու հեռացնել փոսիկներից մեկը։

Կտրված մասի կողմերինին զուգահեռ երկու կողմից թեթևակի կտրվածքներ անել, իսկ բզի օգնությամբ մարմնի համար նախատեսված հատվածի վրա՝ կտրվածքին մոտ, երկու փոքր անցք ծակել (քուղի օգտագործման դեպքում երեք անցք ծակել՝ մեկ լրացուցիչ անցք էլ պոչիկի մասում)։

Ներկել, ձևավորել ըստ ճաշակի ու երևակարության։

Թավաթելից բեղիկներ պատրաստել ու ամրացնել անցքերին։

Քուղով ձևավորելու դեպքում քուղը հանգուցել մի կողմից, ազատ ծայրերն անցկացնել պոչի հատվածի անցքով, ապա՝ բեղիկների համար նախատեսված անցքերով։ Անցքերից որոշակի հեռավորության վրա հանգուցել և կտրել ավելորդ մասերը։